Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացրել է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը:

Կամո Արզումանյանը ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։

1978 թվականից որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։

Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր, խաղացել է «Թռիչքն սկսվում է երկրից» (1980), «Կորուսյալ դրախտ» (1991), «Երևան ջան» (2002), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008) ֆիլմերում։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ…» գիրքը Կամո Արզումանյանի մասին։