Հասանովի և ադրբեջանական բանակի վարկաբեկման գործընթացն ինչ-որ «դիրիժոր» ունի

Քանի որ շնորհիվ ադրբեջանական և ադրբեջանամետ կայքերի տեղեկատվության, առնվազն ապրիլի 6-7-ից մենք արդեն գիտեինք, որ «Ապշերոնի խանությունը» լրջորեն մտադիր է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ, թերևս հարկ է շարունակել խոսակցությունն այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներսում և շուրջը։

Նախ, ներկայացնեմ հիշյալ կայքերում հրապարակված նյութերից մի քանիսը՝ «Բանակին հրամայել են պատրաստ լինել մարտական գործողությունների սկսվելուն», «Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարը զինծառայողներին հրամայել է պատրաստ լինել մարտական գործողությունների սկսվելուն», «Ադրբեջանի բանակը պատրաստվում է անցկացնել լայնամասշտաբ հարձակողական գործողություններ»։ Այս ցանկը երկար է, բոլորը թվարկելն իմաստ չունի։ Ի դեպ, ահա թե ինչի մասին պետք է մտորեն «Սասնա ծռերի» ահաբեկիչները, այլ ոչ թե շատախոսեին այն մասին, թե պետք է «հեռացնել» գեներալ Վիտալի Բալասանյանին Արցախում զբաղեցրած պաշտոնից։

Ու մի խորհուրդ էլ բոլոր նրանց, ովքեր դատարկախոսում են «խաղաղության նախապատրաստվելու» մասին, մի ապակողմնորոշեք Հայաստանի և Արցախի հասարակայնությանը։ Ձեզ արդեն պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյախլին. «Չկա աշխարհում այնպիսի երկիր, որի բանակը պատրաստվի խաղաղության։ Բանակի խնդիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պատրաստ լինելն է։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ Գերագույն հրամանատարը, եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա հայ զինվորները պետք է անվերապահորեն լքեն ադրբեջանական հողերը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ մեր բանակը խաղաղության մասին կարող է մտածել միայն ադրբեջանական հողերը բռնազավթումից ազատագրելուց հետո։ Իսկ ներկա պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»։

Վերջապես «խաղաղության նախապատրաստվելու» կոչ անողներ ու Հայաստանում դրա անհրաժեշտության մասին խոսացողներ, փորփրեք ձեր ուղեղն ու հիշեք, թե ինչպես էր Հին Հռոմը զբաղվում պատերազմով ու խաղաղությամբ. նախ՝ թշնամու ջախջախում, դե, իսկ հետո արդեն խաղաղություն, ինչն էլ ծնեց «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքը։

Վերջերս արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ ինչ-որ ուժեր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «տակը փորում են»։ Հասանովի և պաշտպանության նախկին նախարար Նեջմեդդին Սադիկովի միջև թշնամանքից բացի, նշեցինք, որ Ադրբեջանի ԶԼՄ-ներում հակահասանովական քարոզչության ծավալման էական գործոն է, այսպես կոչված, «լրտեսների գործը», որի շրջանակներում տասնյակ զինվորներ, սպաներ ու քաղաքացիական անձինք կալանավորվել ու նույնիսկ գնդակահարվել են իբր «հայերի օգտին լրտեսելու» համար։ Այդ գործը վարում է բաքվեցի իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը։ Իրականում ոչ մի լրտես երբևէ չի եղել, ասում է նա։

«Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու և միանգամայն համոզված ենք, որ, ի սկզբանե, «լրտեսներ» խարանը դրվել է բոլոր այն սպաների և զինվորականների վրա, որոնք անզգուշություն են ունեցել բարձրաձայն արտահայտելու մտքեր, որ մյուսները սեփական կյանքի հանդեպ վախից նախընտրում են պահել իրենց մեջ,- հայտարարել է Գյուլալիևը։- Այն է՝ 2016թ. ապրիլին սանձազերծված «Ղարաբաղի ազատագրման» գործողությունը ձախողվել է և հանգեցրել Ադրբեջանի փաստացի պարտության։ Ադրբեջանական բազմաթիվ զինվորականներ դրանում համոզված էին և նրանց զայրացնում էր այն փաստը, որ չարդարացված այդքան կորուստների, դիակներով լեփ-լեցուն սառնարանների, դագաղները հարազատներին ուղարկելու շաբաթական քվոտաների, գիշերային գաղտնի թաղումների և հազարավոր վիրավորներով լեցուն հոսպիտալների խորապատկերին նախագահ Ալիևը, նախարար Հասանովը և այլ գեներալներ իրականությունից կտրված ու անխղճորեն ներկայանում էին ժողովրդին որպես հաղթանակ նվաճողներ»։

Համարձակ է, իհարկե, բայց չեմ բացառում, որ այդ համարձակությունը բխում է անելանելիությունից։ Տրտունջները չէին մարում «ապրիլյան պատերազմից» նույնիսկ մեկ տարի անց, և երբ Հասանովին պարզ դարձավ, որ դժգոհությունը կարող է արդեն վերաճել իշխանությանը սպառնացող աղետի, որոշում ընդունվեց ամենադաժան կերպով և արմատապես վերջ տալ այդ խոսակցություններին ու տրտունջներին։ Դրա համար ամենից եռնդուններին պետք էր պարզապես մեղադրել հայրենիքի դավաճանության մեջ, իսկ որպեսզի գործը չհասներ դատարան, նպատակահարմար գտնվեց կա՛մ հապշտապ գնդակահարել նրանց, կա՛մ տանջամահ անել բանտում։ Փոխարենը՝ մյուսների համար դա կդառնար ցուցադրական դաս։ Գյուլալիևը գանգանտվում է.

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բանտարկյալներին առանձնակի դաժանությամբ սպանած անձինք դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, ընդ որում, ոչ սպանության հոդվածով։ Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի, բրիգադի, որտեղ «դավաճանություն» է եղել, հրամանատարները մնում են իրենց պաշտոններում, իսկ շարքայինները ենթարկվում կտտանքների և խիստ պատժվում»։

Գյուլալիևը զայրացուցիչ է համարում այն, որ մեղադրյալներից շատերը մահացել են կտտանքներից, լինելով կալանքի տակ։ Ընդ որում, սպանված 8 զինվորականներից չորսը հետագայում արդարացվել են, իսկ նրանց տանջողները ձերբակալված են, բայց բնավ ոչ բանտարկյալներին սպանելու համար։ Իրավապաշտպանն առճակատ մեղադրում է հանրապետության ուժային կառույցներին սեփական զինծառայողների սպանությունների և կտտանքների մեջ։

Կարող ենք ենթադրել, որ սպանվածները Ն. Սադիկովի ճամբարից են, քանի որ հիմնականում հենց սադիկովյաններն էին դժգոհում 2016թ. ապրիլի ապաշնորհ ծրագրից և ձախողված ընթացքից։ Ինքը՝ Սադիկովը, լինելով գլխավոր շտաբի պետ, անմիջական մասնակցություն չի ունեցել գործողության մշակմանը։ Ըստ լուրերի, դա մշակել են թուրք խորհրդատուները, իսկ ադրբեջանական բանակում նրանց ղեկավարը հենց նախարար Հասանովն է։ Ուշագրավ է, որ 2016-ի ապրիլից հետո ադրբեջանական իշխանության օրակարգում դրված էր Ն. Սադիկովին պաշտոնից հեռացնելու հարցը, քանի որ «ապրիլյան հաղթանակի» մասին անհաջող քարոզչության դեպքում պետք էր ինչ-որ կերպ լուծել «քավության նոխազ» գտնելու հարցը։ Բայց այդ պաշտոնազրկումը չհաջորդեց ինչ-ինչ պատճառներով, որոնք առայժմ հայտնի չեն մեզ։ Սադիկովը պահպանեց իր պաշտոնն ու դիրքերը բանակում և ղեկավարության քաղաքական դասավորության մեջ։

Եթե ենթադրենք, որ նախարար Հասանովի վարկաբեկմանն ուղղված արշավը նրա ձեռքի գործն է, ապա Սադիկովը ներկայումս իր համար ապահովել է կա՛մ Ալիևների կլանի, կա՛մ Ադրբեջանի ռազմաքաղաքական հիերարխիայի շահերը լոբբինգավորող արտաքին ուժերի աջակցությունը, որպեսզի պատասխան հարված հասցնի Հասանովի հեղինակությանը՝ նրան պաշտոնազրկելու նպատակով։ Այդ հարվածի մասը կարելի է համարել և՛ դասալիք-կոռուպցիոներ Հասանովի մասին պատմող ֆիլմը, և՛ տեղեկատվության արտահոսքը «լրտեսների» սկանդալային դատավարության մասին, և՛ ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի՝ դարձյալ օրերս հրապարակված զեկույցն ադրբեջանական բանակում տիրող աղետալի վիճակի մասին։ Սումերինլին պնդում է, որ բանակն անհուսալիորեն հետադիմում է, նրա շարքերում կոռուպցիան անցել է ամեն չափ ու սահման, իսկ ներքին բախումների և ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների թիվն անդադար աճում է։ Սակայն, բանակի բարձրագույն հրամանատարությունը անխղճորեն թաքցնում է այդ տեղեկատվությունը, իսկ իշխանությունները, բանակում կարգուկանոն հաստատելու փոխարեն, աչք են փակում ամեն ինչի վրա։

Սումերինլիի խոսքերով, շարունակում է սխալ իրականացվել նաև բանակային շինարարության քաղաքականությունը։ Օրինակ, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար գումարներ հատկացնելու փոխարեն, իշխանությունները չարդարացված կերպով ուղղորդում են բոլոր միջոցները զենքի գնմանը։ Մի խոսքով, Ադրբեջանի հասարակության մեջ հասունանում է նոր դժգոհություն բանակում տիրող իրավիճակից։ Եվ ակնհայտ է, որ այդ գործընթացն ինչ-որ նպատակասլաց «դիրիժոր» ունի։

Ինտրիգն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում «շահերի» հաշվեկշռի սասանման գործընթացը սկսվում է հենց այն ժամանակ, երբ Բաքուն ամպագոռգոռ ցուցադրում է ուժային ճանապարհով «Ղարաբաղը վերադարձնելու» իր պատրաստականությունը…

 

Սերգեյ Շաքարյանց