ԱՄՆ-ը, ի հաճույս Իսրայելի, աշխարհը համառորեն տանում է դեպի պատերազմ

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ը ևս մեկ քայլով աշխարհը մոտեցրեց նոր պատերազմի։ Նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառեց «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում։

«Associated Press» գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» թվին է դասել նաև Իրանի ԻՀՊԿ-ին դաշնակից լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական կուսակցությանը։

«Այսօր պաշտոնապես հայտարարում եմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ներառյալ՝ հատուկ նշանակության «Կոդս» ուժերը (ընդգրկված են ԻՀՊԿ-ի կազմում․- Ծ.Հ) «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելու իմ աշխատակազմի ծրագրերի մասին»,- նշված է Թրամփի գրավոր հայտարարությունում։

«Associated Press»-ը նշում է նաև, որ ներկայիս ամերիկյան աշխատակազմի քայլն աննախադեպ բնույթ ունի, Միացյալ Նահանգները նախկինում երբեք «ահաբեկչականների» թվին չի դասել օտար երկրի առանձին պետական կառույց։ Թրամփի խոսքերով, ընդունված որոշումը «ճանաչում է իրականությունը», որն ամփոփված է նրանում, որ Իրանը «ահաբեկչության հովանավոր պետություն» է և ԻՀՊԿ-ն իրանական ռեժիմի այդ քաղաքականության «ակտիվ մասնակիցն է»։

ԱՄՆ-ի նախագահը, անշուշտ, ստում է։ Կանխամտածված ստում։ ԻՀՊԿ-ն ահաբեկչության դեմ պայքարող ամենահետևողական կառույցն է Մերձավոր Արևելքում, ինչն ապացուցեցին ահաբեկչական բազմաթիվ խմբավորումների դեմ Իրաքում ու Սիրիայում մղվող պատերազմները։

Տեղի ունեցավ այն, ինչի մասին Թրամփին նախազգուշացնում էր մնացյալ ողջ աշխարհը, մասնավորապես՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Դեռևս ապրիլի 4-ին, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», ռուսաստանյան ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի խոսքերը, որը մեղադրել էր Թեհրանին իրաքյան պատերազմի ընթացքում ամերիկյան 608 զինվորականների մահվան մեջ, կոշտ ընդգծել է, որ Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին՝ պատրվակներ չփնտրել Իրանի հետ հարաբերություններում լարվածության ահագնացման համար։ Իր ճեպազրույցի ընթացքում նշելով, որ Վաշինգտոնը պետք է պարզաբանի, թե որոշակի ինչ նկատի ունի այդ հայտարարության տակ, քանի որ Մոսկվան տեղեկություններ չունի Իրաքում ամերիկացիների և իրանցիների միջև մարտական բախումների մասին, Զախարովան հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ հակաիրանական տրամադրությունները Վաշինգտոնում պարզապես ծայրահեղ են, բայց չէ՞ որ, այդուհանդերձ, պետք է ինչոր հենք լինի արվող հայտարարությունների տակ։ Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնում փորձում են հորինել հերթական պատրվակը, որպեսզի արդարացնեն կտրուկ ահագնացումն Իրանի հետ հարաբերություններում, եթե նպատակահարմար գտնեն դա։ Մեր կողմից կցանկանայինք նախազգուշացնել՝ զերծ մնալ նման քայլերից, քանի որ դրանք աղետալի հետևանքներով են սպառնում ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը, որն առանց այն էլ տենդի մեջ է» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի բուն հայտարարությունը Զախարովան անվանել է «ցնցող». Մոսկվան զարմացած է քաղաքականության ծրագրման տնօրեն և քաղաքական հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Բրայան Հուկի հայտարարություններից։ Զախարովան միաժամանակ անդրադարձել է իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկացիների գործողություններին, նշելով, որ 2003թ. ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք հանգեցրեց երկրի փաստացի ավերման և հարյուր հազարավոր իրաքցիների մահվան, ինչպես նաև հիշեցրել, որ 1988թ․ ԱՄՆ-ը Պարսից ծոցում հանցավոր կերպով խփեց իրանական «Iran Air» ավիաընկերության մարդատար օդանավը, ինչը հանգեցրեց գրեթե 300 մարդու մահվան։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն առաջարկել է Հուկին արտահայտվել նաև այդ թեմայով։ Զախարովան կոչ է արել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց պատասխանատվություն կրել սեփական արտահայտությունների համար և հիշեցրել է, որ Ռուսաստանը նպատակադրված է կանխել ԱՄՆ-ի կողմից այնպիսի մեթոդների կիրառումը, որոնք աղետալի հետևանքներ կունենան Մերձավոր Արևելքի համար։

Ապրիլի 8-ին Թրամփի հնչեցրած հանցավոր որոշմանն աշխարհում ոչ ոք չաջակցեց, բացի, իհարկե, Իսրայելից։ Վաշինգտոնի ցայտուն արտահայտված հակասիրիական (մարտի 25-ին՝ Գոլանի բարձունքի վերաբերյալ) և հակաիրանական (ապրիլի 8-ին) քայլերն օգնեցին Բենիամին Նաթանյահուին և իր «Լիկուդ» դաշինքին հաղթել Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրութուններում։ Բայց թե ինչպես կշարունակի զարգանալ և՛ Իսրայելի, և՛, ընդհանրապես, տարածաշրջանի պատմությունը, եթե ԱՄՆ-ը չչեղարկի իր հանցավոր որոշումները, այսօր ոչ ոք հանձն չի առնի կանխատեսել։

Նկատի ունենանք, որ հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին, Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի աննախադեպ ստորության, իրականացրեց իր սպառնալիքը, որի մասին Թեհրանը նախազգուշացնում էր ողջ աշխարհին սկսած 2017 թվականից։ Իրանի IRNA պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԲԽ) ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM, պատասխանատվության գոտում Մերձավոր Արևելքն է․- Ծ.Հ.) Իրանի ԱԳՆ-ի խորհրդով ներառեց «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում։

Ինքը՝ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը Twitter-ի իր բլոգում գրել է. «Նրանք, ովքեր գերադասում են Նաթանյահուի շահերն իրենց երկրի շահերից և միշտ քարոզում ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու օգտին, լիովին տեղյակ են տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժերի համար այդ քաղաքականության հետևանքների մասին։ Իրականում նրանք փորձում են ճահիճ քաշել ԱՄՆ-ին․․․ Թրամփը պետք է իմանա ճշմարտությունը, այլ ոչ թե խաբված լինի հերթական ամերիկյան աղետում»։

Ինչպես ապրիլի 8-ի ասուլիսում հատարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, Թրամփի որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից։ Իրանի պատասխանն ուժի մեջ է մտել անմիջապես, իրանական Մաժլեսը (խորհրդարանը) արդեն հաստատել է ամերիկյան CENTCOM զորքերի ներառումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Եվ դա դեռ բարեբախտություն է ԱՄՆ-ի համար. իրանական «Mehr News» գործակալության հաղորդմամբ, Մաժլեսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հեշմատոլլահ Ֆալահատպիշեն և ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին պահանջում էին, որ փաստաթուղթ ընդունվի «ԱՄՆի ողջ բանակը ահաբեկիչներին, օրինակ, ԻԼԻՊին հավասարեցնելու մասին» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Հիշենք, որ 2017թ․ ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը նախազգուշացնում էր, որ ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու հնարավոր որոշման հետևանքները չեն սահմանափակվում տարածաշրջանային ռազմաքաղաքական խնդիրներով, և որ «ըստ էության, դա գրեթե հավասարազոր է Միացյալ Նահանգների կողմից Իրանին յուրօրինակ պատերազմ հայտարարելուն» (ընդգծումը՝ հեղինակինը)։ Ամեն դեպքում, ապրիլի 8-ին Թրամփի ընդունած որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Արցախի շուրջ լարվածության ահագնացմանը։ Հավելեմ, որ նրանք, ովքեր պատերազմ են հայտարարել Իրանին, բացառությամբ Ռուսական կայսրության, վաղ թե ուշ պարտություն են կրել Իրանից։

 

Սերգեյ Շաքարյանց