Ինչ է քննարկել Տիգրան Ավինյանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Ապրիլի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին, Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար:

Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրա-տնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին: