Թուրքիան հարմար առիթի դեպքում վայրկյան իսկ չի տատանվի Հայոց ցեղասպանությունը կրկնելու գործում

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իտալիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը 382 կողմ, 0 դեմ և 48 ձեռնպահ ձայնով հաստատեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, հայտարարությունում մասնավորապես գրված է․

«Զարմանալի չէ, որ բանաձևը ներկայացվել է «Լեգա» կուսակցության կողմից, որի առաջնորդ Մատտեո Սալվինին իր պարտքն է համարում հարվածի տակ դնել թուրք-իտալական հարաբերությունները։ Զարմանալին այն է, որ նշված պալատը «Լեգա» կուսակցության՝ Եվրոպական խորհրդարանում գրաված դիրքն ամրապնդելու նպատակով բեմադրված խաղի գործիք է դարձել»։

Թուրքիայի ԱԳՆ-ը նաև պնդել է, որ Հայոց ցեղասպանության թեման օրակարգ է բերվում կամ ընտրություններից առաջ, կամ հակաթուրքական համատեքստում՝ շեշտելով, որ այդ ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի ու կխոչընդոտեն ապագային ուղղված դրական նախաձեռնությունները։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընդունած բանաձևն անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա Իտալիայի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։

«Ինչպես պատմությունը քաղաքականացնող մյուս բոլոր նախաձեռնությունները, այս բանաձևն էլ Թուրքիայի համար ոչ մի իրավական ուժ չունի»,- նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Չնայած անհերքելի փաստերին, Հայոց ցեղասպանությունը համառորեն ժխտող Թուրքիան մնացել է նույն Թուրքիան, և ցանկացած ողջախոհ մարդու, եթե, իհարկե, նա գիտակցաբար չի գործում մեր ազգային անվտանգության դեմ՝ պահանջելով, օրինակ, ռուսական 102-րդ ռազմակայանի դուրս բերումը Հայաստանից, պարզ է, որ Թուրքիան հարմար առիթի դեպքում վայրկյան իսկ չի տատանվի Հայոց ցեղասպանությունը կրկնելու գործում։ Կգա ժամանակը, եթե, իհարկե, մեր ժողովրդի մեջ եղած թուրքը մինչ այդ Հայաստանը չկործանի, և Թուրքիան կհասկանա, թե իր համար ինչը կամ որ նախաձեռնությունն իրավական ուժ ունի։ Ինչ վերաբերվում է Իտալիային ուղղված Թուրքիայի սպառնալիքին, ապա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունած պետություններին ուղղված Թուրքիայի սպառնալիքները քրոնիկ բնույթ ունեն։ Դրանք սովորաբար մնում են օդում կամ ինչ-ինչ միջոցներ գործադրվում են ժամանակավորապես՝ հաշվի առնելով, որ բումերանգի պես հետ են վերադառնում։