ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է «կողմնորոշվել»

Արդեն հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հերթական անգամ «անկոչ հյուր» եկան և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, և՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  Եվ երկուսն էլ ցանկացել են «խոսել Սիրիայի մասին», թեև Նաթանյահուն հայտնել է նաև Իրանի առնչությամբ խոսելու մասին։

Դեռևս 2018 թ․ վերջին գրել էինք, որ Ռուսաստանը մտավ Սիրիայի հյուսիս, ընդ որում, դա տեղի ունեցավ Մոսկվայի և Իսրայելի հարաբերությունների հերթական սրման խորապատկերին՝ կապված Դամասկոսի օդանավակայանի հրթիռակոծման հետ։

Այլ խնդիր է, թե Մոսկվայի հետ ինչի շուրջ են սակարկելու Նաթանյահուն և Էրդողանը։ Առավել հետաքրքիր է, որ Թուրքիայի նախագահի մոսկովյան այցի նախօրեին ամերիկացիներն աննախադեպ փորձ ձեռնարկեցին՝ ոլորելու Անկարայի ձեռքերը։ Որպես աուտոդաֆեի վայր, օգտագործվեց Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների «ՆԱՏՕ-70 տարի» համաժողովը, որը կազմակերպել էին ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդը և ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամը։

Թուրքիային ռուսաստանյան С-400 ԶՀՀ-ների մատակարարումն արդեն ամիսներ շարունակ միջազգային ԶԼՄ-ների առաջին էջերում է։ Եվ, ահա, անդրադառնալով թուրքերի կողմից ռուսական հրթիռների գնմանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է. «Թուրքիան պետք է ընտրի. արդյոք ուզո՞ւմ է մնալ համաշխարհային ողջ պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքի ծայրաստիճան կարևոր գործընկեր, թե՞ ցանկանում է ռիսկի ենթարկել այդ գործընկերության անվտանգությունը, ընդունելով անխոհեմ որոշումներ, որոնք քայքայում են մեր դաշինքը»։

Ամերիկյան բազմաթիվ փորձագետներ վերոնշյալ հայտարարությունը գնահատեցին որպես Թուրքիային ՆԱՏՕից հեռացնելու սպառնալիք։ «Սա սպառնալի՞ք է։ Այո, սպառնալիք է։ Շանտա՞ժ։ Բնականաբար, շանտաժ»,-արձանագրել է թուրքական «Yeni Çağ» պարբերականը։ Ի պատասխան Փենսի հայտարարության, Թուրքիաի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարելով, որ Ռուսաստանի հետ С -400 ԶՀՀ-ների շուրջ գործարքը «վճռված գործ է», «մեզ չափազանց անհրաժեշտ են ՀՕՊ համակարգերը՝ հարևան տարածաշրջաններում առկա սպառնալիքների պատճառով, իսկ ՆԱՏՕ-ն առայժմ ի վիճակի չէ բավարար չափով պաշտպանել մեր օդային տարածքը», մեղադրեց Վաշինգտոնին այն բանում, որ Անկարային դնում է «կամ-կամ դրության» մեջ։

Իհարկե, ամերիկացիների և թուրքերի փոխհարաբերություններում խնդիրները կուտակվել են վաղուց ու աստիճանաբար։ Բազմաթիվ փորձագետներ որպես մեկնակետ են վերցնում սիրիական ճգնաժամի սկիզբը, որի զարգացմանը զուգընթաց, ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը հաշվարկ է կառուցել սիրիական քրդերի, ավելի ճիշտ, նրանց այն կառույցների վրա, որոնք Թուրքիայում հայտարարված են ահաբեկչական։ Այդ հարցի նկատմամբ Անկարայի զգայունությունը պայմանավորված է բուն Թուրքիայի ներսում քրդական անջատողականության խնդրով։

«Պետությունը, որին մենք անվանում ենք դաշնակից, պնդում է, որ մեր սահմանների վրա ստեղծվի ահաբեկչական բանակ»,- հայտարարել է Էրդողանը։

Անկարան ձգտել և ձգտում է թույլ չտալ, որ իր սահմանի երկայնքով քրդական անկլավ ստեղծվի։ Բացի այդ, Թուրքիան հիվանդագին էր արձագանքում ամերիկյան քաղաքականությանն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ը դաշինք մեջ է Հունաստանի և Իսրայելի հետ։ Բայց այն, որ Անկարայում համարում են, թե ՆԱՏՕ-ն բավարար չափով չի պաշտպանում Թուրքիայի օդային տարածքը, աշխարհն իմացավ առաջին անգամ։ Չավուշօղլուից առաջ Անկարայի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ դժգոհություններ չէր ներկայացրել ՆԱՏՕ-ին. հակառակը՝ թուրքերը միշտ երախտագիտություն են հայտնել դաշինքին և ԱՄՆ-ին, որ նրանք օգնեցին Թուրքիային Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման ժամանակ… Իսկ քանի՜ տարի շարունակ էր ԱՄՆ-ը ջանադրաբար Անդրկովկասի ժողովուրդների վզին փաթաթում Թուրքիային՝ որպես «նոր ավագ եղբոր» և մեր տարածաշրջանի նոր «նայողի»…

Ավելին․ Վաշինգտոնը ոչ հրապարակավ խթանում էր ներքին քաղաքականության մեջ Անկարայի շաժումը դեպի «չափավոր իսլամականացում»։ Սակայն երբ սկսեցին հասունանալ այդ քաղաքականության պտուղները, Թուրքիային սկսեցին մեղադրել «ավտորիտար իսլամական ռեժիմի ձևավորման» մեջ, բացասական նկարագիր տալ նրան Արևմուտքում։

Երկու երկրների միջև հարաբերությունների որակը սկսեց փոխվել, ինչը չէր կարող որոշակի ռազմավարական հետևանքներ չունենալ։ Թուրքիային պարզապես փակում էին Մերձավոր Արևելքի շրջանակներում և մղում դեպի Ռուսաստան, ասես մատնանշելով վերջինիս որպես «այլընտրանքային դաշնակցի»։ Երբ առաջ եկավ С-400-ների գնման հարցը, ամերիկացիներն ունեին գործարքը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները, ինչպես որ ԱՄՆ-ը կոշտ պահվածք դրսևորեց, խափանելով Չինաստանից HQ-9 ԶՀՀ-ներ գնելու Անկարայի ծրագրերը։ Սպիտակ տունն այն ժամանակ որոշակի խնդիրներ ստեղծեց թուրք-չինական հարաբերություններում։

ԱՄՆ-ը, մաժամանակ, կարծես թե համոզելով Թուրքիային գնել իր «Patriot» համակարգերը, կիրառում էր հապաղումների և ձգձգումների մարտավարություն։ Կայուն զգացողություն է առաջանում, որ ԱՄՆ-ը փորձում է անկյուն քշել Էրդողանին և մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել. անկայունացնել թուրքական անվտանգությունը և միաժամանակ խաթարել քաղաքական վստահալից երկխոսությունը, որ ձևավորվել է Թուրքիայի նախագահի և նրա ռուս ու իրանցի գործընկերների միջև հենց նույն Սիրիայի պարագայում։ Սակայն, ինչպես համարում է թուրքական «Cumhuriyet» թերթը, Վաշինգտոնը լուրջ վրիպում թույլ տվեց. «С-400-ները Թուրքիայի համար դարձան շատ ավելին, քան զենքի գնում. դա արդեն երկրի կողմից անկախ քաղաքականության իրականացման խորհրդանիշն է»։ Ի տարբերություն, ասենք, Հունաստանի, որտեղ վաղուց են օգտագործվում С-300 համակարգերը, ճիշտ է, Կիպրոսի կողմից ձեռք բերված։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդչափ կոշտ դիրքորոշում ցուցաբերում Անկարայի նկատմամբ, և ինչո՞ւ է հենց այժմ Փենսը վերջնագիր ներկայացնում, եթե Սիրիայում ամերիկացիները պատրաստվում են հերթական անգամ թուրքական բանակի դատին ու հաշվեհարդարին «հանձնել» քրդերին։

Կա խնդրի ռազմատեխնիկական բաղադրիչը, որին ուշադրություն են դարձնում բազմաթիվ փորձագետներ։ Եթե Թուրքիայի ստացած С-400-ներն ընդունակ լինեն «տեսնել» ամերիկյան F-35 ինքնաթիռները, ապա դրանց վաճառքը կխափանվի։ Մինչդեռ, Վաշինգտոնն ակնկալում է մոտ 650 մլրդ դոլար ստանալ միայն ԵՄ երկրներին մոտավորապես 5000 F-35-ի վաճառքից։ Ամերիկացիները պնդում են, թե ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համալիրները «չեն կարող տեսնել F-35-ը»։ Անկարան պատասխանում է. «Եթե դա այդպես է, ապա մենք առաջինը կիմանանք այդ մասին ու կպատմենք»։

Երկրորդ տեսանկյունը. Թուրքիան, ուժ հավաքելով, անկախ արտաքին քաղաքականություն է վարում և դուրս գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից։ Դա ճգնաժամային երևույթներ է ստեղծում ՆԱՏՕ-ի հարավային թևում և առիթ ծառայում, որպեսզի կասկածի տակ դրվի Թուրքիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին։ «Որքանո՞վ է դա լուրջ» հարցը կախվել է օդում։

Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Դոնալդ Ջենսենի կարծիքով, որը ներկայացրել է «Ամերիկայի ձայնը», «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունն, այնուամենայնիվ, չի հանգեցնի նրան, որ Անկարան հրաժեշտ տա ՆԱՏՕ-ին»։ Ջենսենի խոսքերով, «ներկայումս տեղի է ունենում ծայրաստիճան կարևոր գործընթաց. Սև ծովը ռազմավարական մրցակցության ասպարեզ է դառնում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, իսկ Թուրքիան այդ գործընթացի հենց կենտրոնում է, քանի որ նա է վերահսկում այդ իրավիճակում կարևորագույն նեղուցները»։ Այնպես որ, միևնույն է, «Արևմուտքին պետք է Թուրքիան իր կողմում, որպեսզի առավելություն ունենա Ռուսաստանի հետ այդ մրցակցության մեջ»։

Միանգամայն հնարավոր է, որ Սև ծովում նույնպես Թուրքիայի նախագահը չի խաղա օտար խաղեր, թեև չի դիտարկում Ռուսաստանին որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք, ինչպես և ՆԱՏՕ-ին՝ Մոսկվայի այլընտրանք։ Թուրքիան կարևոր դիրք ունի տարածաշրջանում, չնայած այն բանին, որ բոլոր կողմերից շրջապատված է «խնդրահարույց» երկրներով ու տարածքներով։ Մեծապես դրանով է բացատրվում այն, որ նա փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել Արևմուտքի ու Արևելքի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Որոշակի իմաստով С-400-ներ գնելու որոշումն Էրդողանի համար հնարավորություն դարձավ ցուցադրելու իր անկախությունը Վաշինգտոնի ազդեցությունից։ Միաժամանակ հիշենք, որ Ղրիմի հարցում Թուրքիան ժխտում է, որ այն Ռուսաստանի մասն է։ Եվ դեռ ծովային նոր ռազմակայան է կառուցում Սև ծովում։ Ուստի և, կարծում ենք, Մայքլ Փենսի շանտաժի պատճառների վերաբերյալ վարկածներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է հակառուսական ինչ-որ գործողություն ձեռնարկել Սև ծովում, իսկ С-400-ների հարցը պարզապես առիթ է՝ հիշեցնելու թուրքերին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առջև իրենց «պարտքի» մասին։

Սերգեյ Շաքարյանց