Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները, որոնց ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության տարրերի վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջնահերթ իրականացվում են  փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետև՝ շահագործման և պահպանման։

Եղանակային պայմաններից ելնելով, այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։

Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը`մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։