Հանդիպում «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Գ. Վանեցյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում շտաբային բանակցությունների անցկացման նպատակով։

ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի դրանից, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև այժմյան փուլում կանգնած խնդիրները, նրանց ներկայիս ծրագրերը։

Կողմերը նշել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:

Ծանոթագրություն. 2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾի կողմից, ԱՊՀ ՀԱԿի համակարգմամբ, անցկացվել է «ԱտոմԱնտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը: