Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։

Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։

Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի կառուցումը, երթևեկամասի նոր հիմքի տեղադրումը և կամուրջների վերանորոգումն արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի ասֆալտապատումը։

Նախարարության տեղեկացմամբ, շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38,45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:

Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51,74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ. տարեվերջին։