Դուշման Վարդանի երազանքը կատարվեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկվել են եղրևանիներ (լուսանկարներ)

«Արցախպրես»-ի  տեղեկացմամբ, միջոցառմանը  մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական  այրեր, Դուշման Վարդանի մայրը՝ Զարիկ Ստեփանյանը, քույրը՝ Արմինեն, հարազտներ, ընկերներ, կամավորներ:

«Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Զարիկ Ստեփանյանն ասել է, որ 1988 թվականին  Վարդանն ուսումը թողել է կիսատ և մեկնել Արցախ: Նա երազել  է, որ  ինքն առաջինն է մտնելու ազատագրված Շուշի և Լաչինով տուն է վերադառնալու:

«Որպես ռազմագետ՝ որդիս 1988 թվականին եկել է Արցախ և կազմավորել ջոկատներ:  Նա մասնակցել է Արցախի բոլոր տարածքների ազատագրմանը: Աշոտ Բեկորի հետ  ազատագրված  Շուշի մտնող առաջիններից մեկը Վարդանն էր: Կատարվել  է    որդուս առաջին երազանքը: Նա ասում էր, ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին: Շուշիից վերադառնալով  տուն՝ նա փաթաթվել  է ինձ ու ասել. «Մա՛մ, 100 տարի պիտի ապրես, քեզ հուղարկավորելու եմ Շուշիում»,- ու  շարունակել,- «Ստեփանակերտ-Շուշիի  մայրուղու ողջ երկայնքով եղրևանու ծառեր եմ տնկելու»: Նա պաշտում էր Շուշին: Ցավոք սրտի, որդուս երազանքը կիսատ մնաց, բայց մենք   փորձեցինք այն իրականություն դարձնել»,- մասնավորապես ավելացրել է Զարիկ  մայրիկը:

 

Խոսելով եղրևանիների տնկման նախաձեռնության մասին՝  նա ասել է, որ սկսած  2016  թվականից, սոցցանցերում իրենք հայտարարություն են տարածել, որի  նպատակն է՝ իրականացնել Դուշման Վարդանի երազանքը: Շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն անընդհատ հետաձգվել է:

«Այսօր իմ  տղաներն ու աղջիկները կատարում  են իմ որդու երազանքը: Ես   համարում  եմ, որ Արցախը  որդիս է: Մենք  աշխարհին պիտի ապացուցենք, որ  յուրաքանչյուր հայ Արցախն իրենն է համարում: Թո՛ղ հայոց արգանդը լինի բեղուն՝  նոր Վարդաններ ծնվեն, և թո՛ղ հավերժ այս եղրևանիներն իրենց բույրը տարածեն  ամենուր»,-ընդգծել է Զարիկ  մայրիկը:

Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, վերհիշելով եղբոր խոսքերը,  ասել է. «Եթե   արցախցին չպաշտպանի իր հողը, աշխարհն էլ կանգնի, չի կարող պաշտպանել»:

«Մենք Արցախ չենք գալիս ուղղակի այն տեսնելու, այլ գալիս ենք՝ հանդիպելու  Վարդանին: Այսօրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այսօր մենք  իրականացրել ենք եղբորս՝ Վարդանի երազանքը: Ես շնորհակալ եմ բոլոր այն  մարդկանց, ովքեր կյանքի կոչեցին այս նախաձեռնությունը»,-նշել է քույրը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն  էլ  մեզ հետ զրույցում ասել է, որ, տեղեկանալով նման նախաձեռնության մասին, ինքը միանգամից պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Դուշման Վարդանի երազանքի իրականացմանը:

Ս. Հովսեփյանի կարծիքով, նախաձեռնությանը միացել են այն մարդիկ, ովքեր գնահատում և կարևորում  են ազգային արժեքները, հերոս հայորդիների հայրենանվեր արարքներն ու սխրանքները: