Պոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանին և Իրանին Սիրիայից վռնդելն է

Մարտի 29-ին զարմանալի խոստովանություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, երբ իսրայելական ԶԼՄ-ների համար մեկնաբանելիս է եղել Սիրիայից Իսրայելի բռնազավթած Գոլանի բարձունքը «իսրայելական տարածք» ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

Ինչպես հաղորդել է համարաբական «Al Arabia» ալիքը, Պոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանին և Իրանին վռնդելն է Սիրիայից։

«Մենք աշխատում ենք մեր բոլոր դաշնակիցների հետ, որպեսզի Սիրիայում ընթացող իրադարձությունները չհանգեցնեն այնտեղ Իրանի և Ռուսաստանի ամրապնդմանը,- ընդգծել է Պոմպեոն։- Սա համակողմանի ռազմավարություն է»։

Բոլոր դաշնակիցների. Սա, առաջին հերթին, նշանակում է՝ Թուրքիայի հետ համատեղ, որը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի հաղորդիչ «Աստանայի եռյակի» ձևաչափում, ինչպես նաև՝ Իսրայելի։ Ուշադրության արժանի երկրորդ հանգամանքը․ Պոմպեոն հենց այդպես էլ ասել է. «Իրանի և Ռուսաստանի», այլ ոչ թե միայն «Իրանի»։ Համադրենք սա 2018թ. ապրիլին թուրքական ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների հետ, որ ԱՄՆ-ի ծովային օդուժի առաջնահերթ թիրախների մեջ առանձին տողով նշվում էր նաև Ռուսաստանի ծովային ռազմակայանը սիրիական Տարտուսում։ Դե ինչ, ոմանք դեռ կասկածներ ունե՞ն, որ ավելի վաղ Սիրիայում միայն Իրանի ներկայության անցանկալիության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի շատախոսությունը սոսկ մասամբ է արտահայտել նրանց իրական նպատակը, և որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը ձգտել ու ձգտում են Սիրիայից վռնդել նաև ռուսաստանյան զինվորականներին։ Ընդ որում, Թուրքիան շարունակ ձգձգելով հյուսիսային Իդլիբ նահանգի ապառազմականացումը, նպաստում է Սիրիայից և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի վտարմանն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությանը։ Պոմպեոյի վերոնշյալ հայտարարությունից հետո, կարծում ենք, Ռուսաստանն ու Իրանը այլ ելք չունեն, քան ուժով հասնել Սիրիայից ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի զինվորականների հեռանալուն։

Հաշվի առնելով, որ մարտի 27-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, իսկ մարտի 29-ին ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը նախազգուշացրել են աշխարհին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Ֆրանսիայի ու Բելգիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ նոր սադրանք են նախապատրաստում Սիրիայում, որպեսզի մեղադրեն սիրիական իշխանություններին և Ռուսաստանին «քիմիական զենք կիրառելու» մեջ, առայժմ ստիպված ենք սպասել իրավիճակի զարգացման միայն բացասական սցենարի։

Ըստ Վ. Կուպչիշինի ներկայացրած տեղեկատվության, արդեն Իդլիբ են եկել Ֆրանսիայի և Բելգիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք ահաբեկիչների պարագլուխների հետ քննարկել են թունանյութերի կիրառումը հաստատող տեսանկարահանումների կազմակերպումը, ինչում այնուհետ մեղադրելու են Ռուսաստանին և Սիրիայի կառավարությանը։ Մասնավորապես՝ Բելգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներն արդեն նկարահանել են Իդլիբում ահաբեկիչների օբյեկտներին Ռուսաստանի ՕՏՈՒ-ի հասցրած հարվածները, որպեսզի այնուհետ օգտագործեն այդ կադրերը Ռուսաստանին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելու համար։ Ռուսաստանյան հիշյալ կենտրոնը նախազգուշացրել է, որ ահաբեկիչները կարող են չսահմանափակվել քիմիական գրոհի բեմադրությամբ և կիրառել իրական թունանյութեր, որոնք Ֆրանսիայի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ Իդլիբ են բերվել մարտի 23-ին։

Սիրիայում այդ երկրի բոլոր ժողովուրդների դեմ կիրառվում է բացահայտ և այլասերված ֆաշիզմ։ Եվ այդ ֆաշիզմը ղեկավարում են հենց ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները, ոչ այլ ոք։ Մնացածները, այդ թվում նաև՝ Թուրքիան, ԵՄ անդամ երկրները, պարզապես Վաշինգտոնի ու Թել Ավիվի ստոր խամաճիկներն են։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի երեսպաշտ մեղադրանքները ծխածածկույթ են՝ Սիրիայի և Իրանի դեմ հանցավոր գործողություններ ձեռնարկելու համար։

 

Սերգեյ Շաքարյանց