Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսվարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի շրջանակում վարկը տնտեսավարողներին տրամադրվում է 5%, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:

Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ», «Կոնվերս բանկ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ, «Կամուրջ» ՈԻՎԿ, «Անիվ ՈՒՎԿ» և «Ագրոլիզինգ ՍՊԸ»: