Սերմացու գողացող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում յուրացրել է սերմացուի և ազոտական պարարտանյութի, ինչպես նաև նշված ծրագրերի շրջանակներում Մրգաշատ համայնքի բնակիչներից՝ սերմացուի և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուրը 2 988 000 դրամ վնաս։

Մասնավորապես՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինական գործառույթներով, ծրագրի իրականացման շրջանակներում 2013-2016թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Մրգաշատ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:

Համայնքի ղեկավարը համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուի մի մասը հափշտակելու դիտավորությամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, նշված ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում սերմացու ստացած անձանց ցուցակ, որում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար չցուցակագրված և սերմացու չգնած անձանց տվյալները, նշված ցուցակը ներկայացնելով Արմավիրի մարզպետարան, յուրացրել է չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն: Այնուհետև Մրգաշատ համայնքի ղեկավարը նշված ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչների կողմից վճարված գումարները չի փոխանցել ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվին՝ յուրացնելով դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, համայնքի ղեկավարը ցորենի սերմացուի և պարարտանյութի, ինչպես նաև դրանց դիմաց վճարված գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքներ՝ վերը նշված ծրագրի շրջանակներում Մրգաշատ համայնքում ցորենի սերմացուի և պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ, որոնց հիման վրա ՀՀ կառավարության 07.12.2017թ N 1585-Ն որոշմամբ, նշված ծրագրի շրջանակներում դադարեցվել են ցորենի սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները՝ պետության շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2 988 000 դրամ վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: