Հայ փրկարարները կվերապատրաստվեն ռուսական բուհերում

Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում» ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբն ապրիլի 14-ին մասնակցելու է ապրիլի 15-27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ բուհերում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար: