Էրեբունի վարչական շրջանում զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

ՀՀ դատախազության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը  և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի  24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի  հողերի կադաստրային գնահատման կարգը:

Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող  84 քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245,5 քմ մակերեսով սպասարկման հողամասով  780 000 դրամով  օտարվել է Վ. Ս-ին, 748,45 քմ մակերեսով  շինությունները և դրա սպասարկման համար 5 600 քմ մակերեսով հողը 1 550 000 դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18 քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ  մակերեսով սպասարկման հողամասով 108 000 դրամով ՝ Դ. Ս-ին, իսկ 1807 քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 2 300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել են Վ. Ս-ին:

Պարզվել է նաև, որ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուրը 1 2035,5 քմ կազմող նշված ողջ հողատարածքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: