Նիկոլ Փաշինյանի երեկվա խորհրդավոր որոշումը

Նոր Հայաստանում, որը ներկայանում է որպես ժողովրդավարական պետություն, հասարակությունն երևի այդպես էլ չիմանա, թե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանին ինչու է ազատել նշված պաշտոնից։

Պաշտոնապես կամ ձևական առումով ազատման պատճառն արդեն հայտնի է վարչապետի ստորագրած 02․04․2019թ․ որոշումից․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»: Հիշյալ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քաղաքացիական ծառայողին աշխատանքից ազատում են անձնական դիմումի հիման վրա։ Սակայն հարցն այն է, թե Մարգարիտ Ազարյանը, որը, ի դեպ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, ինչո՞ւ է նման բարձր ու պատվաբեր պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել։

Թե Հայաստանում սովորաբար ինչու են բարձր պաշտոններից ազատվելու դիմում ներկայացնում, կարծում ենք, բացատրելու հարկ չկա, թեև այս դեպքում կարող է և ընդհանուր օրինաչափությունից բացառություն լինել։