Հանրայինը մեզ համար պետք է լինի չափանիշ (տեսանյութ)

Օրերս մրցույթով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում հանրային հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում նոր նախագահի ընտրությամբ, ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունի այդ ոլորտը, և որքանո՞վ է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության առջև ծառացած խնդիրների լուծմանը։

LIVEnews.am կայքի տաղավարում այս հարցերի շուրջ է հարցազրույցը հեռուստալրագրող, բանասիրական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի հետ։ Նրա կարծիքով, հեռուստառադիոընկերության խորհդի առաջին գործն իշխանություններից, պետությունից անկախ քաղաքականություն իրականացնելն է, ինչը լիարժեքորեն չի ստացվել մինչև օրս։

«Գոյության 18 տարիների ընթացքում հեռուստառադիոընկերության խորհուրդը, Հանրային հեռուստաընկերությունը, ռադիոն չեն թոթափել պետական, իշխանական դրսևորումները,- ասաց Սերգո Երիցյանը։- Մենք պետք է կարողանանք պետականամետ, իշխանամետ որոշակի դրսևորումներ, միտումներ պահպանող հեռուստաընկերությունն ու ռադիոն հանրայնամետ դարձնել։ Այս խնդիրը լուծելու համար գուցե նաև գործող օրենքը վերանայելու անհրաժեշտություն առաջանա»։

Բայց, ըստ մեր հյուրի, այդ անկախությունը պահպանելը դժվար կլինի, քանի դեռ Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն վճարվում են պետական բյուջեից։ Նրա դիտարկմամբ, այդ գումարը միանշանակ հարկատուներիս վճարած հարկերի միջոցով է գոյանում, բայց վճարումը պետական բյուջեից է արվում։ Իսկ երբ հանրությունն անմիջապես իր գրպանից սկսի բաժանորդավճար տալ, այդ դեպքում անկախացման, իշխանամետությունը թոթափելու գործընթացը անհամեմատ հեշտ կլինի։ Բայց հասարակությունը վճարելուն այսօր պատրաստ չէ՝ ելնելով իր սոցիալ-տնտեսական վիճակից։

Սերգո Երիցյանը նշեց նաև, որ, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության համար առանձնահատուկ չափորոշիչներ պետք է սահմանվեն, որպեսզի այն դառնա բարձր որակի հեռուստատեսային արտադրանք թողարկող ընկերություն՝ մասնագիտական կարողությունների, բովանդակության բազմազանության և լսարանի հանդեպ հարգանքի առումով։