Հայկական մշակույթը որպես ուսումնական առարկա կդասավանդվի արգենտինյան քոլեջում

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության ուսումնասիրության քոլեջում, որտեղ հայ ուսանողներ ընդհանրապես չեն սովորում, հայ մշակույթը (երաժշտություն, ազգային փողային նվագարաններ, հայ երաժշտության պատմություն) պաշտոնապես ընդունվել է որպես ուսումնական առարկա: Այս մասին տեղեկացրել է «Հայերն այսօր» լրատվական կայքը։

«Ամեն ջանք գործադրել եմ իմ գաղափարը կյանքի կոչելու համար,- կայքի հետ զրույցում ասել է Գագիկ Գասպարյանը:- Սա հայ ժողովրդի ձեռքբերումն եմ համարում: Այս կարևոր հաղթանակը նվիրում եմ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Չէ՞ որ մեծ հայի երազանքն էր աշխարհին ծանոթացնել հայ մշակույթը, որպեսզի օտարները հայկական մշակույթով ճանաչեն հայ ժողովրդին և Հայաստանը: Այսօր նրա երազանքն իրականացնելու ճանապարհին ենք»։

Գասպարյանը հավելել է, որ քոլեջի պաշտոնական փաստաթուղթը հանձնվել է իրեն, և ապրիլի 1-ին արդեն առաջին դասախոսությունն է անցկացրել ուսանողների հետ, որոնք մեծ ոգևորությամբ լսել են նյութը:

Արգենտինաբնակ երաժիշտն ամփոփելով զրույցը, ընդգծել է, որ օտարազգի ուսանողները սովորելուց հետո կդառնան աշխարհում հայկական մշակույթը տարածողները: