ՀՀ ոստիկանության պետը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս (տեսանյութ)

Ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ողջունելով դեսպանին, Վալերի Օսիպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Խոսվել է ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին:

ՀՀ ոստիկանության պետը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է ոստիկանությունում բարեփոխումներն ու դրանք կյանքի կոչելու համար աջակցություն հայտնել:

Դեսպանը նշել է, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:

Կողմերը քննարկել են փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: