ԱԱԾ սկանդալային բացահայտման առնչությամբ․ ՀՀ առողջապահության նախարարը պետք է տեղյակ լինի, որ կոռուպցիան միայն կաշառք վերցնելը չէ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հանդես եկավ հաղորդագրությամբ, ըստ որի, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող առողջապահության փոխնախարարը։ ԱԱԾ հրապարակած տեղեկատվության մանրամասները չկրկնենք, քանի որ LIVEnews.am-ը դրանք արդեն ներկայացրել է իր ընթերցողներին։ Նշենք միայն, որ ԱԱԾ հավաստմամբ, «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ»:

ԱԱԾ վերոնշյալ մտադրությունը միանշանակ ողջունելի է։ Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ԱԱԾ կողմից ձեռնարկվող միջոցները վերաբերում են ոչ միայն տվյալ քրեական գործի նախաքննության շարունակմանը, այլև հիշյալ բնագավառում (ՀՀ առողջապահության կամ բուժհաստատությունների ֆինանսավորման բնագավառում) հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու։ Իսկ որ նշված ոլորտում հնարավոր է նաև այլ կոռուպցիոն դրսևորումների առկայությունը, Հայաստանում քանի՞ հոգի է կասկածում․․․

Ուշագրավ մյուս հանգամանքն այն է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից հետո շտապեց նախարարության կայքում հանդես գալ «ԱԱԾ հայտարարության կապակցությամբ» վերտառությամբ հետևյալ հայտարարությամբ․
«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են:

Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը։

Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար»:

Այն տպավորությունն է առաջանում, որ Արսեն Թորոսյանն իր վերոնշյալ հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն իր տեղակալի կողմից կաշառք վերցնելու մասին նախապես տեղյակ չի եղել, այդ առումով բացարձակապես անմեղ է, եթե ԱԱԾ-ն հիշյալ պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը չբացահայտեր ու նրան չձերբակալեր էլ, միևնույն է, ինքը նշված կաշառքից մաս չպետք է ունենար։ Գուցե և այդպես է, բայց ՀՀ առողջապահության նախարարը, կարծում ենք, պետք է տեղյակ լինի, որ կոռուպցիան միայն կաշառք վերցնելը չէ, կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներից է նաև հովանավորչությունը, որը հենց այնպես չի արվում, հաճախ դա պայմանավորված է լինում ինչ-ինչ շահագրգռություններով (այդ թվում՝ վերցրած կամ ակնկալած կաշառքով), շահագրգռություններ, որոնք, սակայն, հիմնականում մնում են չբացահայտված, իրավապահների կամ մամուլի կողմից հաջողվում է արձանագրել միայն հովանավորչության փաստը։

Հենց հովանավորչության առումով էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու մտադրություն ունեցող, այդ ուղղությամբ, իր իսկ հավաստմամբ, միջոցներ ձեռնարկող ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հիշեցնենք Aysor.am կայքի լրագրողական հետաքննության արդյունքում կատարված բացահայտումը՝ նույն կայքում 2019թ․ փետրվարի 22-ին հրապարակված «Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում» վերտառության ներքո։ Ընդամենը մի քանի հատված մեջբերենք վերոնշյալ հոդվածից՝ ակնկալությամբ, որ տվյալ հոդվածով ներկայացված փաստերն ամբողջությամբ ԱԱԾ տեսադաշտում են կամ կլինեն։

«Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն այս տարի պետությունից կստանա մոտ 941.3 մլն դրամի պատվեր՝ նախորդ տարվա 1058.0 մլն դրամի փոխարեն:

Թեև նախարար Արսեն Թորոսյանն անցած տարի պնդել էր, որ նախատեսում են սրտի ստենտավորման արժեքը նվազեցնելով խնայված միջոցներն ուղղել ստենտավորման ծավալների ու շահառուների թվի ավելացմանը, սակայն ստացվում է, որ Նորք-Մարաշ կլինիկայի ֆինանսավորումը նվազել է 116.8 մլն դրամով, որն ուղղվել է այլ ծառայությունների գնմանը, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունից արտահիվանդանոցային ախտորոշիչ ծառայություններ գնելուն:

2018թ. հունիսին Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր նշանակվել, ասուլիսում վստահեցրեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիան ու անարդարությունն արմատախիլ անելու պայքարում»։

«Անցած տարի, երբ Արսեն Թորոսյանը դեռ նախարար չէր, «ՄԻԲՍ» ընկերությունը պետությունից ստացել էր 22.7 մլն դրամի ծառայություններ մատուցելու պատվեր, իսկ ահա 2019թ. այդ պատվերի ծավալը մեծացել է ուղիղ 1.5 անգամ և կազմել 57 մլն դրամ։ Հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը մինչ հեղափոխական կառավարության կազմում ընդգրկվելը գլխավորում էր «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, որտեղ այսօր նրան փոխարինում է կինը՝ Վարդուհի Թևանյանը, նախարարի պնդմամբ՝ այս վերաբաշխման ընթացքում ոչ մի նշանակություն չի ունեցել։ Այդուհանդերձ զարմանալի է, որ Երևանում տեղակայված ախտորոշիչ կենտրոնին բյուջեից ավելի շատ հավելավճար է սահմանվում, քան նույն Սիսիանի բուժկենտրոնին։

Չի բացառվում, իհարկե, որ պետությունն ի դեմս առողջապահության նախարարի, որոշել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հարցում (իսկ «ՄԻԲՍ»-ը հենց դրանով է զբաղվում) թև ու թիկունք դառնալ սեփական քաղաքացիներին, և հավելումն էլ այդ հոգատարության արդյունք է։ Հավանաբար այդպես է։ Բայց այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչու է «ՄԻԲՍ»-ի գլխավոր մրցակից և ճառագայթային ախտորոշման ոլորտի առաջատար ընկերություններից «Արմամաքս» ՍՊԸ-ն զրկվել 111.5 մլն պատվերից։ Նկատենք, որ այն որոշ տվյալներով՝ պատկանում է նախկին նախարար Հարություն Քուշկյանին, և ծառայություններ է մատուցում «Նաիրի» ԲԿ-ում։ Ընթացիկ տարում ևս «Արմամաքս»-ը ծառայություններ կմատուցի, բայց՝ 2018-ի 204.5 մլն դրամի փոխարեն 92.9 մլն դրամ։ Ստացվում է, որ պետպատվերի մի զգալի պատառ նախորդ նախարարի ընկերությունից անցնում է գործող նախարարի հետ ասոցացվող ընկերության։

Ամփոփելով ՄՌՇ (МРТ)-ի թեման՝ չենք կարող չարձանագրել, որ այս ոլորտի առաջամարտիկ «Ուլտրաիմիջինգ ԳՄԿ» ՍՊԸ-ի պատվերների ծավալը չի մեծանա, ընդհակառակը 8 հազար դրամով կնվազի։ Ի դեպ ընկերության սեփականատեր, Հայաստանում ՄՌՇ հիմնադիր Արամ Քոչարյանը նախորդ տարեվերջին, մեղմ ասած, մտահոգություն էր հայտնել առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության առթիվ»։

«Այդուհանդերձ պետպատվերի գումարների տեղաբաշխման մի շարք օրինաչափություններ վկայում են, որ առողջապահության նախարարությունում ոմանք առաջնորդվել են «յուրայիններին ամեն ինչ, հակառակորդներին՝ ոչինչ» տրամաբանությամբ»։

Որպեսզի պատկերը հնարավորինս ամբողջական լինի, 1-2 մեջբերում էլ Blognews.am կայքում դեռ ս․ թ․ մարտի 8-ին հրապարակված «Կտրուկ շրջադարձ՝ ՊՎԾ ձերբակալություների գործում. նախարար է թիրախավորվում» հոդվածից կատարենք․

«Նշենք, որ մեզ հայտնի դարձած որոշ դրվագներից դատողություններ անելով՝ կարելի է ենթադրել, որ ԱԱԾ-ում պահվող ՊՎԾ աշխատակիցների և նրանց փոխկապակցված գործարարի նկատմամբ հարուցված քրեական գործում կտրուկ շրջադարձ տեղի ունենա, և ըստ այդմ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով առայժմ նշված գործում թեև կողմերից մեկն է, ու պիտի բաց հարցաքննվեր վկայի կարգավիճակում, դառնա մեղավոր անձանցից մեկն ու պատասխանատվության ենթարկվի՝ հանցագործության համար»:

«Այս նույն տրամաբանությամբ կարելի էր, թերևս, մեղադրել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, երբ նախարարի դիրքերից որոշում էր ընդունում ավելացնել իրեն փոխկապակցված անձի՝ տիկնոջ եկամուտները՝ ավելացնելով ՝ իր անվան հետ կապվող «ՄԻԲՍ» բժշկական հետազոտական կենտրոնի պետպատվերի ծառայությունների համար բյուջեից իջեցվող միլիոնները»։

Առայժմ բավարարվենք այսքանով և ուշադրությամբ հետևենք իրադարձությունների զարգացմանը։

 

Արթուր Հովհաննիսյան