Գրոհայիններն Իդլիբում քիմիական նոր գրոհ են նախապատրաստում Արևմուտքի երկրների աջակցությամբ

Գրոհայիններն Իդլիբում թունանյութերով սադրանքներ են նախապատրաստում քաղաքացիական բնակչության դեմ։ Այս մասին հաղորդել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը։

Նրա խոսքերով, այդ նպատակով Իդլիբ են մեկնել Ֆրանսիայի և Բելգիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Մասնավորապես՝ նրանք կազմակերպել են «Հայաթ Թահրիր Աշ-Շամ»-ի ահաբեկիչների պարագլուխների և «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը։

Հաշտեցման կենտրոնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է նկարահանումների կազմակերպումը, որոնք կվկայեն Ռուսաստանի և Սիրիայի կողմից թունանյութերի «կիրառման» մասին։

«Թունանյութերի կիրառման հետևանքները պատկերող նկարահանումներին մասնակցության համար սահմանված են վարձավճարներ՝ յուրաքանչյուր անձին 100 դոլարի չափով»,- հայտարարել է Կուպչիշինը։

Նրա խոսքերով, Բելգիայի հատուկ ծառայությունները նկարահանել են Իդլիբում ահաբեկիչների պահեստներին ռուսաստանյան ՕՏՈՒ-ի հասցրած հարվածները, որպեսզի հետո մեղադրեն Ռուսաստանին քիմիական զենք կիրառելու մեջ։

Հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչները չեն բացառել, որ սադրանքի կազմակերպիչները կօգտագործեն թունանյութեր, որոնք թթվածնի և կենցաղային գազի բալոններով մարտի 23-ին Իդլիբ են բերվել ֆրանսիական հատուկ ծառայությունների հսկողությամբ։ Քիմիական գրոհի զոհեր կարող են դառնալ նաև փախստականները։

Կուպչիշինը հավելել է, որ Հաշտեցման կենտրոնը անօրինական զինված կազմավորումների առաջնորդներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից և իրենց ենթակա շրջաններում ոտք դնել խաղաղ կարգավորման ուղի։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հիշեցրել էր ռուսաստանյան կողմի նախազգուշացման մասին, որ Իդլիբի շրջակա ապառազմականացված գոտում «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը փորձում է սադրանքներ կազմակերպել թունանյութերի կիրառմամբ՝ այնուհետ կառավարական զորքերին մեղադրելու համար։