Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Ուղերձում մասնավորապես գրված է․

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտ, և՛ ուրախությունը:

Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական և անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում:

Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո և պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի և մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Մաղթում եմ ձեզ բարօրություն և բոլոր ազնիվ նպատակների իրականացում»: