Թուրքը չորս օրում համոզվեց, որ հայկական պետականության հետ չի կարելի ուժի դիրքերից խոսել

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները վկայում են մեր միասնականության ու հաստատակամության մասին։ Վկայում են Արցախյան ազատամարտի ու երեսնամյա պայքարի արդարացիության մասին։

1992-94թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանող՝ տասը հազարից ավելի զոհված և անհետ կորած հայորդիների արյան գնով ամրագրվեց հայ ժողովրդի կյանքի և ազատության իրավունքը։

1994թ-ից առ այսօր փխրուն հրադադարի պայմաններում իրականացվող մարտական հերթապահությունները ցավոք անկորուստ չեն անցել և հարյուրավոր հայորդիներ զոհվել են՝ մարտական դիրքերում առաջադրանք կատարելիս։

2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունները մեզանից խլեցին 100-ից ավելի երիտասարդ կյանքեր. 58 սերժանտներ և շարքային կազմի զինծառայողներ, 20 սպա և ենթասպա, 14 աշխարհազորային (կամավորականներ), 6 պահեստազորայիններ և 4 քաղաքացիական անձինք։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ու մարտական գործողությունները հաշված ժամերի ընթացքում միավորեցին պետական ու հանրային բոլոր կառույցներին՝ պատվար կանգնելով առաջնագիծը հսկող Զինուժին։ Չորս օր էր պետք թուրքին ու նրա միջազգային հովանավորներին՝ ևս մեկ անգամ համոզվելու համար, որ հայկական պետականությունը կայացել է, ու նրա հետ չի կարելի ուժի դիրքերից խոսել, նրան չի կարելի վախեցնել ու թելադրել։ Որ այլևս չկա պատմականորեն ճնշված, ցեղասպանված, խաբված ու օդում կախված հայկական հարց։ Կա Արցախյան պատերազմում ծնված, հաղթանակներ կերտած, հերոսներ ծնած ու հերոսաբար կանգնած հայկական բանակ ու պետություն։ Զգույշ եղեք նրա հետ։

Հավերժ փառք ու հավերժ հիշատակ Արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյա մարտերի բոլոր նահատակներին։

Փառք ու պատիվ Արցախյան պատերազմի բոլոր հրամանատարներին ու կռված տղերքին,

Փառք ու պատիվ ապրիլյան մարտական գործողություններում աչքի ընկած հայորդիներին,

Փառք ու պատիվ հայկական Զինուժին։

Artak Zakaryan-ի ֆեյսբուքյան էջից

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները վկայում են մեր միասնականության ու հաստատակամության մասին։ Վկայում են…

Опубликовано Artak Zakaryan Понедельник, 1 апреля 2019 г.