Ռուսաստանը վերադարձրել է «Դժոխային կալսիչը»

Ռուսաստանյան «Դերիվացիա-ՀՕՊ» զենիթային ինքնագնաց կայանքը (ԶԻԿ) գրավել է արևմտյան փորձագետների ուշադրությունը, քանի որ կարող է արձակել րոպեում 120 կրակոց և կիրառել զինամթերքի մի քանի տեսակ, ներառյալ հեռակառավարմամբ ուղղորդվող և պայթեցվող արկեր, գրել է «Զվեզդան»։

Շաբաթաթերթը նշել է, որ «Ռուսաստանյան զինագործները ստեղծել են հիրավի բացառիկ արտադրանք, որը լայն հնարավորություններ է ստեղծում մարտական համակարգերի նոր տեսակների նախագծման համար, որոնց բնութագրիչները դեռևս անհասանելի են Արևմուտքում մշակված հրետանային զինատեսակներին»։

Պարբերականը հիշեցրել է, որ «Դերիվացիա-ՀՕՊ»-ը ստեղծվել է ԱՈՒ-220Մ 57-միլիմետրանոց ավտոմատ հրանոթի հիմքի վրա, որը 20-րդ դարակեսին ԽՍՀՄ-ում սպառազինության առնված «Դժոխային կալսիչի»՝ ԶՍՈՒ 57-2-ի ժառանգորդն է։

«Մի խոսքով, «Դժոխային կալսիչը» վերադառնում է, և դա վատ լուր է մեր արևմտյան «գործընկերների» համար»,- ամփոփել է շաբաթաթերթը։

2018թ. ապրիլին «Դերիվացիա-ՀՕՊ»-ի արտադրողը՝ «Ուրալվագոնզավոդ»-ը, գաղտնազերծել է հիշյալ զենիթահրթիռային համալիրի նկարագիրը։

«Դերիվացիա-ՀՕՊ»-ն ծառայում է օդային, թեթև զրահապատ ցամաքային և վերջրյա թիրախների, ինչպես նաև կենդանի ուժի ոչնչացման համար։ Մեքենան թիրախանշում է ստանում կենտրոնական հրամանատարական կետից կամ ինքնուրույն։ Համակարգը կարող է հայտնաբերել, ուղեկցել և խոցել նշանակետերը։ Զենիթահրթիռային համալիրը կարող է գործել օրվա ցանկացած ժամի և եղանակային ցանկացած պայմաններում։

«Դերիվացիա-ՀՕՊ» համալիրը ներառում է հեռակառավարվող ավտոմատ մարտական մոդուլով մարտական մեքենա՝ ԲՄՊ-3-ի անիվների հիմքի վրա, տրանսպորտային-բեռնիչ և նորոգիչ մեքենա, ինչպես նաև զինամթերքի հավաքածու։

Բացի Ս-60 զենիթային ավտոմատ հրանոթի համար նախատեսված 57-միլիմետրանոց արկերից, ՕՌ-281ՈՒ բեկորային-հետագծող և ԲՌ-281ՈՒ զրահահար արկերից, ԶԻԿ-ի զինանոցը ներառում է բազմակի նշանակության արկ՝ հեռակառավարվող պայթուցիչով, ինչպես նաև կառավարելի հրետանային արկ։