Հալեպում օծվել է հայկական Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցին (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 30-ին, Արամ Ա Կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Այս մասին տեղեկացել ենք Cilicia TVֆեյսբուքյան էջից։

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՕԾՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ ՀԱԼԷՊԻ ՍՐԲՈՑ ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ

Շաբաթ, 30 Մարտ 2019-ի առաւօտուն, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, վերաօծումը կատարուեցաւ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցւոյ: Այս առիթով իր հայրապետական պատգամին մէջ Նորին Սրբութիւնը ըսաւ. «Փառք քեզ Աստուած, փառք քեզ, որ այս հոգեպարար առիթը ընծայեցիր ինծի վերաօծելու այն եկեղեցին, ուր դարեր շարունակ Կաթողիկոսներ օծուած ու թաղուած են եւ հայոց միւռոնը օրհնուած»:

Опубликовано Cilicia TV Суббота, 30 марта 2019 г.

Արամ Ա կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել ներկաներին՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:

Նշենք, որ Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցին ռմբակոծվել և ավերվել էր 2015 թվականին:

Եկեղեցին պայթեցրել էին ԻՊ-ի գրոհայինները՝ ներսում կատարած փորվածքների մեջ պայթուցիկ լիցքեր տեղադրելու ու պայթեցնելու միջոցով: Չէր փլվել միայն զանգակատան մի փոքր հատվածը:

Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Ավելի քան 150 000 հավատացյալ իր ներդրումն է ունեցել եկեղեցու վերականգնման գործում։

Qahana.am-ի տեղեկացմամբ, այսօր Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է․

«4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով մահկանացուն, զրկվում է թե երկրային, թե երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար»: