Իսրայելն Իրանից ջախջախիչ պատասխան կստանա, եթե հանդգնի դադարեցնել նավերով իրանական նավթի արտահանումը կամ հարձակվի նրանց վրա

Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսհաղ ալ-Հաբիբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, առանց վարանելու կիրականացնի ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿի կանոնադրության 50-րդ հոդվածի։

Այս մասին տեղեկացրել է «Mehr News» գործակալությունը։ Վերոնշյալ նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարին հղվել է մարտի 6-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությունից հետո։ Նաթանյահուն մասնավորապես հայտարարել էր, որ Իսրայելի ռազմածովային նավատորմը կարող է միջոցներ ձեռնարկել՝ իրանական նավթի արտահանումը դադարեցնելու համար։ Իրանցի դիվանագետ ալ-Հաբիբն արդեն իսկ նշել է, որ Իսրայելի վարչապետի արտահայտություններն իրենցից ներկայացնում են ուժի կիրառման բացահայտ սպառնալիք և խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Նաթանյահուն փորձում է ցույց տալ, թե գոյություն ունեն իրանական նավթի արտահանման դեմ միջազգային պատժամիջոցներ, մինչդեռ այդպիսի պատժամիջոցներ գոյություն չունեն,- հավելել է Իրանի դեսպանը։- Հենց Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ սահմանեց իրանական նավթի արտահանման դեմ՝ 2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, 2015թ. «միջուկային գործարքից»․- խմբ․) դուրս գալուց հետո»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանի նամակում անչափ կարևոր է համարված, որ Իսրայելի վարչակարգը դադարեցնի իր ապակայունացնող ու սադրիչ քաղաքականությունը։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին Նաթանյահուի արտահայտությունները բնորոշել է որպես ծովահենության սպառնալիք, հավելելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի այդ սպառնալիքին արձագանքելու անհրաժեշտ կարողությունը, և եթե դա տեղի ունենա, ապա ջախջախիչ պատասխան կտա»։

Սիրիական կամ, եթե ավելի գլոբալ վերցնենք, ողջ մերձավորարևելյան ճգնաժամը բավարար հիմք է ստեղծել Հնդկական օվկիանոսի ավազանում Իրանի ռազմածովային ուժերի ակտիվացման համար։ Բոլորովին վերջերս Իրանի ռազմածովային նավատորմի 60-րդ նավակազմը տուն վերադարձավ՝ Օմանից մինչև Շրի Լանկա տարածքում հեռավոր արշավից հետո, և ահա, ինչպես հայտարարել է իրանական ՌԾՈՒ-ի Հարավային նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ավշին Տաշկը, Իրանի ՌԾՈՒ-ի արդեն 61-րդ նավակազմն է ուղղվել Բաբ-էլ-Մանդեբի նեղուց՝ իրանական նավերի ծովային երթուղիները պաշտպանելու համար: