Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունը։ Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին:

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և  Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: