Աֆրինի վերջին հայը հարկադրաբար գաղթել է
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանն անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ:
«Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը:
Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն հայ ընտանիքներից մեկն է, որ ստիպված էր արտագաղթել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով:
Գևորգը մանկուց ապրել է Աֆրինում և գոյությունը պահպանել է մետաղագործական իրերի խանութ աշխատեցնելով: Սակայն Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ավազակաբարո գործողությունների պատճառով ողջ ունեցվածքը կորցնելուց հետո, ստիպված տեղափոխվել է Հալեպ:
Ըստ աղբյուրի, Գևորգի՝ Ջինդիրեսի ճանապարհին գտնվող տունն այժմ մզկիթի են վերածել և տվել Ալ-Ֆարուք անվանումը: