Ռուսաստանում արձագանքել են «Վենեսուելայից դուրս կորչելու» Թրամփի կոչին

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», Ռուսաստանում արձագանքել են «Վենեսուելայից դուրս կորչելու» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ Վենեսուելայից ռուսաստանյան զինվորականների հեռանալու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Թրամփին, որ մինչ Ռուսաստանին խորհուրդներ տալը, արժե, որ նա կատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու իր խոստումը։

«Մինչ այլ պետությունների օրինական շահերը տնօրինելը, ես խորհուրդ կտայի ԱՄՆ-ի վարչակազմին նույնքան անկաշկանդ իրականացնել այն խոստումները, որ տրվել են միջազգային հանրությանը»,-ասել է Զախարովան։

Համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի գործողությունները նա համեմատել է Լուվրում կովբոյների պահվածքի հետ, որոնք գեղանկարներով կամ արձաններով հիանալու փոխարեն, «արձագանքում են սեփական ֆոբիաներին»։ Ռուսաստանյան ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով, Միացյալ նահանգները մոտեցնում է հերթական համաշխարհային խառնաշփոթը «քաոսային քայլերով և անկանխատեսելի պահվածքով»։