Հակասությունները Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռանկյունում

«Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն» հակասությունների եռանկյունին վերածվել է կայուն կառուցվածքի՝ «հաստատուն աթոռակի» բոլոր կանոններով։ Եռանկյունու յուրաքանչյուր կողմը շահերի բախում ունի մյուս երկուսի հետ։ Եվ հենց այդ բախումն էլ կայունացնում է ողջ կառույցը, թույլ չտալով, որ որակական փոփոխություններ առաջանան ուժերի հաշվեկշռում։

Բախման էությունը պարզ է․ ԱՄՆ-ը պայքարելով ԽՍՀՄ-ի դեմ, Չինաստանին օժտեց Վաշինգտոնի համար անընդունելի մակարդակի տնտեսական ուժով։ Սակայն, կապիտալի փախուստն ԱՄՆ-ից Չինաստան իր շահավետությունն ունի աշխատուժի անասելի էժանության պատճառով, որի բաժինն աշխարհում արտադրանքի ինքնարժեքի մեջ սովորաբար կազմում է մոտ 30%։ Հասկանալի է, որ ամեն առումով խնայողություն ապահովող ասիական ներդրումները, այն ամենի համեմատ, ինչ ձևավորվել է Արևմուտքում, անչափ ձեռնտու են գլոբալ տնտեսության մասշտաբով։

Քննադատելով Չինաստանին ժողովրդավարության բացակայության համար, ԱՄՆ-ը ստում է. հենց ժողովրդավարության ավանդույթների բացակայությունն է թույլ տալիս Ասիայում օգտագործել աշխատանքի գերշահագործումը որպես գերշահույթի աղբյուր։ Եթե Ասիայում լինեին նույնպիսի արհմիություններ և պառլամենտական ժողովրդավարություններ, ինչպես Արևմուտքում, ապա աշխատանքի վարձատրման պաշտպանությունն այնտեղ վաղուց ոչնչացրած կլիներ տարբերությունն Արևմուտքի և Ասիայի միջև։ Կապիտալի արտահանման օգուտը կվերանար, և այն կմնար առանց շահույթների։ Ասիայում հենց քաղաքական մշակույթի հնացածությունն է հնարավոր դարձնում ժամանակակից արևմտյան գլոբալիզմը։ Համաշխարհային կենտրոնի և եզրագծի միջև ներուժերի տարբերությունն առաջընթացի շարժիչն է։ Եվ արդյունքում՝ տեղի է ունենում շարժ կենտրոնից դեպի եզրագիծ. դա բոլոր ժամանակների ու ժողովուրդների համապիտանի բանաձևն է։ Կենտրոնն իր շահերից ելնելով զարգացնում է եզրագծին, և հետո դա կործանում է իր իսկ իշխանությունը։ Ի հայտ են գալիս նոր ուրվագծեր՝ նոր կենտրոններով ու նոր եզրագծով, որտեղ ամեն ինչ սկսվում է առաջվա պես, բայց նոր մասնակիցներով։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շահերի բախման էությունը հետևյալն է․ Չինաստանին օգնեցին ոտքի կանգնել ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերը, հենց նրանք էլ շահագրգռված են, որ պահպանվի ստատուս քվոն, երբ հնարավոր ամեն ինչ ԱՄՆ-ից տարվում է Չինաստան և այնտեղ էժան գնով արտադրվում, վաճառվելով գլոբալ համաշխարհային շուկայում, որն էլ նրանք վերահսկում են գլոբալ բանկերի և կազմակերպությունների միջոցով։ Այն, որ դա ԱՄՆ-ին դնում է թուլացող կենտրոնի դրության մեջ, որը սեփական ձեռքով բարձրացնում է եզրագիծը ԱՄՆ-ի կարգավիճակին սպառնացող մակարդակի, նրանց չի հետաքրքրում. ԱՄՆ-ի գլոբալիստներն իրենց չեն նույնացնում Միացյալ Նահանգների հետ, և օգտագործում են օտար երկիրը լոկ որպես ազդեցության ավելացման գործիք։ Այսպիսով, ներկայիս Չինաստանի օգտին հանդես են գալիս Թրամփին դիմակայող ամերիկյան գլոբալիստական ուժերը։ Թրամփը, իրենից ներկայացնելով ԱՄՆ-ի հակագլոբալիստական ազգային կապիտալների առաջնորդ, ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ը։ Նա դա անել կարող է միայն սասանելով գլոբալիստների տիրապետության հիմքը՝ Չինաստանը։ Այստեղից էլ և՛ առևտրական պատերազմները, և՛ թշնամական հռետորաբանությունը, և՛ չդադարող գրոհները փոխհարաբերությունների տնտեսական տեսանկյունների դեմ։

Օբյեկտիվորեն հենց ԱՄՆ-ի չինամետ գլոբալիստներն են Ռուսաստանի գլխավոր թշնամիները։ Ռուսաստանը ձգտում է ազգային վերածննդի՝ հետխորհրդային տարածքում ազդեցությունը վերականգնելու միջոցով, որը գլոբալիստները յուրացրել են որպես սեփական տարածք և մտադիր չեն այն զիջել Ռուսաստանին։ Հենց դա է Թրամփին դարձնում Ռուսաստանի բնական դաշնակիցը. ընդհանուր թշնամին՝ ի դեմս գլոբալիստների, վերածում է շահերի իրավիճակային համընկնումը չափազանց մեծ գայթակղության։ Ըստ էության, Թրամփը միշտ էլ բացահայտ ասել է դա, և հենց այդ հանգամանքով էլ հետաքրքիր է Մոսկվային։ Հասկանալով այդ ամենը, ԱՄՆ-ի գլոբալիստական թևն ամեն կերպ «արգելակում է» Թրամփին և թույլ չի տալիս բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ, ներքաշելով Ռուսաստանի հետ բախումների մեջ, որոնք սադրում են գլոբալիստների կողմից վերահսկվող իշխանական կառույցները։ Առաջանում է իրավիճակ, երբ Թրամփի հետ Չինաստանի հարաբերությունները շատ ավելի լարված են, քան ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր բախումը ոչ թե Թրամփի հետ է, այլ լիբերալ թևի նրա թշնամիների։ Մինչդեռ, Չինաստանի բախումն ԱՄՆ-ում հենց Թրամփի հետ է, իսկ դաշնակիցները Թրամփի թշնամիների ճամբարում են։ Ընդ որում, Թրամփի իշխանության անկայունությունն, ընդհանուր առմամբ, ռազմական սպառնալիքի է վերածում ԱՄՆ-ին և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի համար, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի ներսում Ռուսաստանն ու Չինաստանն ունեն անհաշտ թշնամիների տարբեր սևեռախմբեր։ Ինչպես նշեցի, Ռուսաստանին ավելի ձեռնտու են հակագլոբալիստները, իսկ Չինաստանին՝ գլոբալիստները։ Դա Ռուսաստանի և Չինաստանի միջև շահերի բախում է ստեղծում ԱՄՆ-ի պարագայում, հետևաբար նաև՝ համաշխարհային քաղաքականության թերևս բոլոր գլխավոր հարցերի։ Թրամփը կարող է խաղալ այդ բախման վրա, և նա ձգտում է դրան, բայց նրան կաշկանդում են գլոբալիստները։ Ռուսաստանին ու Չինաստանին սասանելու գործում Թրամփի հաջողությունը հնարավոր է միայն գլոբալիստների նկատմամբ նրա անվերապահ հաղթանակի դեպքում, ինչն առայժմ անհնար է։ Եթե Թրամփն ԱՄՆ-ում հաղթեր ջախջախիչ հաշվով, ապա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործարքը, որտեղ Չինաստանն ավելորդ կլիներ, անհամեմատ ավելի մեծ հիմքեր կունենար։

Ո՛չ Չինաստանին, ո՛չ էլ ԱՄՆ-ին Ռուսաստանի սաստիկ հզորացումը կամ թուլացումը ձեռնտու չէ։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանին ձեռնտու չէ Չինաստանի և ԱՄՆ-ի հզորացումը կամ թուլացումը։ Թույլ Ռուսաստանը չի կարող գործիք ծառայել նրանց ձեռքում, իսկ հզորը դառնում է խոչընդոտ ու սպառնալիք։ Բոլոր երեք կողմերն էլ ձգտում են միմյանց վրա հնարավոր առավելագույն ազդեցության, հասկանալով, որ թուլացումը կստեղծի ուժերի վտանգավոր վակուում, իսկ հզորացումը կմտցնի հակամարտության փակուղի։ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական համագործակցությունը ծառայում է ԱՄՆ-ի զսպման ընդհանուր նպատակին՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում այդ երկիրը, իսկ Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունն առայժմ վերաբերվում է միայն սպառազինություններին և հումքին։

Ռուսաստանում Չինաստանի ներդրումներն, ընդհանուր առմամբ, նվազում են և աճել չեն ուզում. շահ չկա։ Ռուսաստանը կործանվում է գլոբալիստների հաղթանակից։ Եվ նրա համար տարբերություն չկա, թե ով կլինի գլխավորը՝ Չինաստա՞նը, թե ԱՄՆ-ը, նա առաջատար տեղ չունի այդ դասավորության մեջ։ Ռուսաստանի զարգացման աղբյուրը գրեթե զուտ ներքին է։ Այսպիսով, Ռուսաստանի բախումը Թրամփի հակառակորդների, իսկ Թրամփի բախումը Չինաստանի կողմնակիցների հետ բավական յուրօրինակ են դարձնում Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը։ Հարաբերություններ կառուցելով Չինաստանի հետ, Ռուսաստանը ձգտում է թուլացնել ամերիկյան այն ուժերին, որոնց վրա հենվում է Չինաստանը։ Իսկ Չինաստանը, հարաբերություններ կառուցելով Ռուսաստանի հետ, ձգտում է թուլացնել ամերիկյան այն ուժերին, որոնց վրա կարող է հենվել Ռուսաստանը։ ԱՄՆ-ի ներսում գլոբալիստների և հակագլոբալիստների միջև հստակ տարանջատման բացակայությունը, նրանց հայացքներում համընկնումների մեծ դաշտի առկայությունը վերածում են Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը արդարացված զորաշարժի։ Եվ ԱՄՆ-ի յուրաքանչյուր գործողություն չեզոքացվում է համարժեք հակազդեցությամբ։ Դիրքային փակուղին միշտ պահանջում է դրա հաղթահարման միջոցների առաջացում։ Սկզբունքորեն հենց դրանով էլ զբաղվում են աշխարհի բոլոր երեք գերտերությունները։ Օրինակ, Սիրիան կամ Վենեսուելան դրա ակներև ապացույցն են։

 

Սերգեյ Շաքարյանց