Գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է վնասազերծվել

Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ ակտիվացված պայքարում բացի կանխարգելիչ միջոցառումներից, էական արդյունքներ են գրանցվում նաև օպերատիվ աշխատանքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը։

Նախօրեին Սյունիքի մարզում ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է հանրապետության մի քանի մարզերի քաղաքներում շինություն ապօրինի մուտք գործելով առերևույթ գողություններ կատարող հանցավոր խումբ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի 4 բնակիչներ, նախնական համաձայնության գալով շինություն ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Գորիս քաղաք, որտեղ 2019թ. մարտի 26-ի ուշ երեկոյան դուռը լնգել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել «Յուքոմ» ՍՊ ընկերության Գորիսի սպասարկման կենտրոն, գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուրը 1 486 100 դրամ արժողության տարբեր մոդելների 18 բջջային հեռախոսներ ու հեռացել: Սակայն Վայք քաղաքում նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների կողմից և բերման ենթարկվել:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին, ընդունվել վարույթ և կատարվում է նախաքննություն:

Վերջինիս շրջանակում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ նույն եղանակով գողություններ են կատարել նաև Վաղարշապատ, Մասիս և Արտաշատ քաղաքների «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոններից: Մասնավորապես՝ 2019թ. մարտի կեսերին 1-ին անգամ Վաղարշապատ քաղաքի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս, որը հաջորդ օրը վաճառել են 280 000 դրամով: Գումարը ծախսելուց հետո, նրանք որոշել են գողություն կատարել նույն ընկերության Մասիս և Արտաշատ քաղաքների սպասարկման կենտրոններից, պայմանավորվածության համաձայն, նույն եղանակով նույն օրվա ընթացքում գողություն են կատարել հիշյալ քաղաքների սպասարկման կենտրոններից, իսկ գողացված հեռախոսները Երևանում 800 000 դրամով վաճառել են Վրաստանի քաղաքացու: Այս գումարը ևս ծախսելուց հետո, կրկին գնացել են Վաղարշապատ և նույն խանութից նույն եղանակով գողացել են հեռախոսներ, որոնք նույն եղանակով վաճառել են նույն անձին:

Ընդ որում, պարզվել է, որ յուրաքանչյուր անգամ, նախքան գողություն կատարելը, խումբը գտել է նույն՝ «OPEL ASTRA» մակնիշի և միևնույն գույնի ավտոմեքենա, հափշտակել են համարանիշները, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշները, ձեռնոցներն ու դիմակները:

Հարցաքննության ընթացքում նրան հայտնել են, որ վերջին գողությամբ ձեռք բերած  գողոնը, ձեռնոցները, մետաղական ձողը, որի միջոցով բացել են դուռը, և դիմակները գտնվում են ավտոմեքենայի մեջ:

Հիշյալ անձանց բերման ենթարկելուց հետո, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի տրանսպորտային միջոցների հատուկ պահման տարածք:

2019թ. մարտի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է ավտոմեքենայում խուզարկություն կատարելու միջնորդությունը:

Հարցումներ են ուղարկվել Վաղարշապատի, Մասիսի և Արտաշատի իրավապահ մարմիններին՝ խմբի անդամների ցուցմունքներով հայտնված հանցագործության դեպքերի հանգամանքը և ընթացքը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ Սյունիքի մարզի դատախազությունում մարզի իրավապահ այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացել էր խորհրդակցություն՝ մարզի վարչական տարածքում բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ համալիր պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում խնդիր էր դրվել նաև ուժեղացնել ինչպես այս հանցագործության համար առավել խոցելի շրջաններում շրջիկ հսկողությունը, այնպես էլ  օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ հանցագործություն կատարած անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով: