Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են Եվրոպայի հրապարակի անվանմամբ ցուցատախտակը: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տեղեկացմամբ, քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով: