Արցախի գիտական կենտրոնն իրականացրել է հանրապետության գետերի ջրերի որակի ուսումնասիրություն

Արցախի գիտական կենտրոնը ՀՀ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ 2011 թվականից իրականացնում է «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում» թեմայով գիտական աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի գիտական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քրիստինե Սարգսյանը՝ նշելով, որ թեմայի ընտրությունը կապված էր ԱՀ գետերի ջրերի որակի մասին տվյալների և պետական հետազոտությունների համակարգի բացակայության հետ:

Խոսելով կատարած աշխատանքների մասին, նա ասել է, որ 2013-2015 թթ․ իրականացրել են Արցախի գետերի երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտմանն ուղղված պիլոտային հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Արցախի տարածքի տարբեր գետերի ջրահավաք ավազաններում ծանր մետաղների երկրաքիմիական հոսքերի որակական և քանակական առանձնահատկությունները, գնահատել գետերի ջրերի որակը:

«Նմուշառել ենք Թարթառ, Խաչեն, Կարկառ և Հագարի գետերի ջրերը,- ներկայացրել է լաբորատորիայի վարիչը։- Հավաքագրված նյութի հիման վրա, ելնելով ջրահավաք ավազանների երկրաքիմիական առանձնահատկություններից, ուսումնասիրել և գնահատել ենք գետերի ջրերը և հատակային նստվածքները տարբեր սեզոններին: Քանի որ Արցախում ներկայումս չկան սահմանված նորմեր բնական կամ մակերևութային ջրերի որակի գնահատման համար, ուստի առաջին մոտեցմամբ կիրառելով հայաստանյան գետերի համար սահմանված էկոլոգիական նորմերի մոտեցումը, համաձայն որի, մակերևութային ջրերը դասակարգվում են ըստ ջրօգտագործման նպատակային նշանակության առաջարկվող դասակարգման հինգ կարգի, որոշել ենք, թե տվյալ գետի ջուրը ինչ նպատակի համար կարելի է օգտագործել: Օրինակ, եթե 5-րդ՝ «վատ» ցուցանիշ ունենք գոնե մեկ տարրով, ուրեմն այդ ջրերի օգտագործումը սահմանափակվում է միայն ոռոգման համար: Ուսումնասիրված դիտակետերում ջրերը մեծամասամբ դասվել են «գերազանց» և «լավ» որակի, որոշ ցուցանիշներով դրանք միջին դասի են: Միայն Թարթառ գետի երկու դիտակետերի ջրերում նիտրատներով ունենք «անբավարար» և մի քանի դիտակետերում ֆոսֆատներով «վատ» դասի ջրեր, որը չի բավարարում ոռոգման նպատակով օգտագործելու պահանջներին: Իսկ ծանր մետաղների առումով հիմնականում ունենք «գերազանց», «լավ» և որոշ դեպքերում էլ միջին դասի ջրեր»:

Ըստ զրուցակցի, հաշվի առնելով, որ տարածաշրջանի գետերի ջրօգտագործման հիմնական նպատակը ոռոգումն է, ջրի որակը երկրորդ մոտեցմամբ գնահատվել է նաև ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (FAO) մեթոդական պահանջների համաձայն: Ընդհանուր առմամբ նշվել է, որ ջրի որակը ոչ մի նմուշառման դիտակետում չի գերազանցել «թույլ» սահմանափակման մակարդակը:

«Մեր ուսումնասիրություններով բացահայտել ենք նաև գետերի ջրերի ձևավորման երկրաքիմիական առանձնահատկությունները` հիմք ընդունելով գետի ակունքը,- ավելացրել է Ք. Սարգսյանը:- Երկրաքիմիական և սանիտարահիգիենիկ տեսանկյունից գնահատվել են նաև հատակային նստվածքներում ծանր մետաղների պարունակությունները և դրանց տարածական և սեզոնային վարիացիաները»:

Արցախի գիտական կենտրոնի լաբորատորիայի վարիչն ընդգծել է, որ ստացված արդյունքները կարևոր են հետագա խորն ուսումնասիրությունների, գիտամեթոդապես հիմնավորված հետազոտությունների համակարգի ստեղծման և Արցախի տարածքի երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության բացի լրացման համար: