Եթե ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ամբողջ ծառայությունը խրամատ փորելն է եղել, լավ բան չենք կարող սպասել (տեսանյութ)

Մեղրիում կատարվածը՝ մեր բանակում ցնցումը, շարունակվելու դեպքում սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը

ՀՀ ՊՆ Մեղրիի զորամասում ս․ թ․ մարտի 23-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ, մեկը՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ», մյուսը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել նշված զորամասում, կա՞ն, արդյոք, այդ միջադեպը ծնող պատճառներ, որո՞նք են դրանք, զորամասի հրամանատարական կազմը որքանո՞վ է կատարել իր պարտականությունները, պատասխանատո՞ւ են, արդյոք, բանակային կորպուսի, Գլխավոր շտաբի և ՊՆ համապատասխան վարչությունների համապատասխան պաշտոնյաները։ Մեղրիում կատարվածը որքանո՞վ կարող է նախադեպային լինել այլ զորամասերի համար․․․

Ինպիսի՞ն են հունվարի 29-ին Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Հայաստանի համար պայմանները, ՀՀ բնակչության բարոյահոգեբանական վիճակը, ժողովրդի միակամությունը, զինված ուժերի մարտունակությունը։

Արցախյան ազատամարտի մասնակիցներ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը LIVEnews.am-ի տաղավարում ներկայացնում են իրենց ընկալումները, տեսակետները, գնահատականները Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպի, մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի, բանակի մարտունակության, երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումների, առկա սպառնալիքները չեզոքացնելու, նոր մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ։