Ձյուն, հորիզոնական ցածր տեսանելիություն․ ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, մարտի 28-ի ցերեկվա դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։