«Տաշիր» հիմնադրամը չորս երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 27-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ժամանակ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Արցախի 201 ընտանիքների 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է տրամադրել՝ 2018թ․ չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա կարևորել է ծրագրի իրականացումը, քանի որ հայ ընտանիքներում նոր ծնունդներ են ավելացել:

«Այս իմաստով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը նպաստում է երիտասարդ ընտանիքների կայացմանը և բազմազավակության խթանմանը, ինչն էլ հանդիսանում է ամուր պետականության հիմքը,- մասնավորապես ասել է Գ. Մարտիրոսյանը:- Բարեգործական ծրագրի մեկնարկից՝ 2016 թվականից սկսած, մինչև այսօր, ծրագրից օգտվել է 443 ընտանիք»:

Անդրադառնալով հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը, ԱՀ պետական նախարարն ասել է, որ առողջապահության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում իրականացվել և այսօր էլ շարունակվում են իրագործվել տասնյակ ծրագրեր:

«Իմ երախտիքի խոսքն եմ ուղղում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին՝ ի դեմս նախագահ Սամվել Կարապետյանի, այս կարևոր և կենսական նշանակություն ունեցող ծրագիրն Արցախում իրագործելու համար,- ընդգծել է պետնախարարը:- Շնորհակալություն եմ հայտնում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի միջոցով իրականացվում են նաև Արցախի զարգացմանն ուղղված բազում բարեգործական ծրագրեր: Ուրախ եմ, որ ունենք հայրենանվեր առաքելություն իրականացնող հիմնադրամներ, որոնք մշտապես Արցախի և արցախցու կողքին են թե՛ դժվարին և թե՛ խաղաղ ժամանակներում»:

Միջոցառմանը ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն էլ ասել է, որ իր համար մեծ հպարտություն է, որ Արցախում ապրող մեծ թվով ընտանիքներ բազմազավակի կարգավիճակ ունեն:

«Մեր պայմաններում չորս երեխաներ մեծացնելն այնքան էլ հեշտ չէ,- նշել է Հ. Արշամյանը:- Ես վստահ եմ, որ ամեն մեկս իր նվիրական գործունեությամբ կկարողանա իրար օգնելով ու աջակցելով, լուծել բոլոր խնդիրները և հայրենիքին առողջ երեխաներ պարգևել»:

«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ բարեգործական ծրագրերից Արցախի ընտանիքներում ծնված 4-րդ երեխաներին տրամադրվող դրամական աջակցության նախագիծը ամենակարևորն է ու սպասվածը:

«Սիրով եմ սպասում այս ծրագրին և ամեն անգամ ուրախությամբ եմ գալիս Արցախ՝ զգալով այս հողի շունչը և ստանալով նոր էմոցիաներ,- ավելացրել է Ն. Կարապետյանը:- Աստված տա՝ այս փոքրիկները մեծանան խաղաղ և անհոգ, և իրականացվեն բոլորի երազանքները»:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է, որ ծնելիությունն ու բազմազավակությունը պետության հիմքն են:

«Ուրախ եմ, որ ունենք հայորդիներ, նվիրյալ զավակներ, ովքեր գիտակցում են, որ բազմազավակությունը խիստ պահանջված է ազգի համար, և իրենք կարողանում են այդ վսեմական առաքելությունը կյանքի կոչել, դրանով իսկ գոտեպնդել բոլորին,- մասնավորապես ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:- Հայ ժողովուրդը կանգնած է կողք կողքի, և բոլոր խնդիրները պետք է լուծենք միասնական: Շնորհակալություն եմ հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անդամներին, ովքեր գալիս են մեր ազգին սատար կանգնելու, ուժեղացնելու. թող շարունակեն այս նվիրական, աստվածահաճո, ազգօգուտ և պետականաշեն սուրբ առաքելությունը»:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, հյուրեր, բազմազավակ ընտանիքների անդամներ: