Ջրհեղեղը դեռ սպառնում է Իրանի շրջաններին (տեսանյութեր և ֆոտոշարք)

Չնայած Իրանի հյուսիսային ընդարձակ շրջաններում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող և Շիրազում անցած գիշեր տեղի ունեցած ջրհեղեղներին, չդադարող ուժգին անձրևների պատճառով ջրհեղեղ է սպառնում նաև երկրի արևմտյան, հարավային, հարավ-արևմտյան և կենտրոնական մասերին։

Նորուզի ընթացքում Իրանի ընդարձակ շրջաններում տարածվող ջրհեղեղը հանգեցրել է նրան, որ տարվա տոնական օրերը դառնացել են բոլոր իրանցիների համար։

Երեկ Իրանի հարավում, մասնավորապես՝ Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ հիասքանչ քաղաքի մի քանի հյուրեր, շուրջ 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել նաև բուն քաղաքին։ Երեկ Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող Սպահան և Խորամաբադ քաղաքներում նույնպես ջրհեղեղ է տեղի ունեցել, սաստիկ անձրևների պատճառով բազմաթիվ գետեր են վարարել Իրանի արևմտյան, հարավային և հարավ-արևմտյան քաղաքներում։

Ֆարսի նահանգում գտնվող Շիրազ քաղաքը Իրանի զբոսաշրջային կարևորագույն կետերից մեկն է Նորուզի տոնակատարությունների ժամանակ։ Հյուսիսային նահանգները ողողած ջրհեղեղներից հետո շարունակվող անձրևների պատճառով ջրի տակ են անցել նաև հարավային ու հարավ-արևմտյան մասերը։

Իրանի որոշ նահանգներում փակ են ճանապարհները, այդ թվում՝ հյուսիս-արևելյան Խորասան Ռըզավի նահանգում։ Մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել անհարկի ուղևորություններից։ Ջրհեղեղն ընդգրկել է երկրի 25 նահանգներ։

Առաջիկա երկու օրերին Իրանում սպասվում է տեղումների նոր ալիք։ Համաձայն կանխատեսման, անձրևները մի քանի օր կշարունակվեն Իրանի շրջանների մեծ մասում։

Վերջին 50 տարիներին արձանագրված ամենասաստիկ տեղումներն ու ջրհեղեղը ողողել են Իրանի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգը, և չնայած հատուկ ծառայությունների գիշերային ջանքերին, ջրհեղեղի առաջացրած խնդիրները Իրանի հյուսիսում դեռ շարունակվում են։

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեյին և նախագահ Հասան Ռոհանին կարգադրել են, որ համապատասխան մարմիններն ու նրանց հետ կապված կազմակերպություններն անհապաղ սկսեն լուծել ջրհեղեղից տուժածների խնդիրները։ Մի շարք պաշտոնատար անձինք այցելել են աղետի գոտիներ։

Որոշ երկրներ ցավակցություն են հայտնել իրանական ժողովրդին և ջրհեղեղից տուժածներին օգնելու պատրաստակամություն արտահայտել։