Մի՛ բացեք պանդորայի արկղը, երբ այնտեղից դուրս գան «իրավունքներն» այլասերվածների, Հայաստանը ներսից կպայթի

Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանություն․ նախարար Բաթոյանը նաև այլասերվածների՞ն նկատի ունի․․․ 

 Պետք է ուշադիր, շա՜տ ուշադիր կարդալ ու լսել, թե ինչ են ասում «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում իշխանության եկած ներկայիս նախարարներից ու պատգամավորներից ոմանք, որպեսզի հասկանալի լինի, թե նրանք ուր են ուզում երկիրը տանել։ Իրենց մտադրությունների մասին նրանք այնքան էլ բացահայտորեն չեն արտահայտվում, բայց այն, ինչ ասում են, լուրջ հարցեր է ծնում, որոնց պարտավոր են պատասխանել։

Մարտի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության (Սորոսի հիմնադրամ) ներկայացուցիչներին, շատ ուշագրավ տեսակետներ է արտահայտել է նախարար Զարուհի Բաթոյանը: Միայն այն փաստը, թե ում է ընդունել նախարարը, արդեն իսկ ուշադրություն է բևեռում նրա տվյալ հանդիպման վրա։

«Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող, հիմնականում խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույց, մինչդեռ մեր հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ասել է Զարուհի Բաթոյանը:

Գուցե առաջիկայում ՀՀ պետբյուջե ֆինանսական մուտքերի ինչ-որ անբավարարությո՞ւն է կանխատեսվում, և դա նկատի ունենալով, նպաստ, կենսաթոշակ տրամադրելը նախարարության համար գնալով ծանրացող մի հո՞գս է դառնալու, որը պետք է թեթևացնել՝ զանազան հնարքներով նպաստառուների ու կենսաթոշակառուների թվաքանակը նվազեցնելով, համապատասխան համակարգերում, այսպես ասած, բարեփոխման, իրականում չարեփոխման քաղաքականություն իրականացնելով… Չգիտենք, և ակնկալում ենք, որ նախարարն այս հարցին հստակ պատասխան կտա։ Փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նպատակ ունի ամբողջապես վերափոխել ընտանեկան նպաստի գործող համակարգը։ Նախարարությունն արդեն պաշտոնապես հայտնել է ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի մասին։

Ինչպես արդեն նշեցինք, ըստ Զարուհի Բաթոյանի, նախարարության հիմնական «դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը»։ Նախարարն ասել է նաև․ «Որոշ դեպքերում, օրենսդրական այս նախաձեռնությունները մեր նախարարության անմիջական գործունեության առարկան չեն, սակայն մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը: Մեզ համար սկզբունքն այն է, որ եթե կա մարդու իրավունքի իրացման խնդիր, մենք պետք է լուծենք այն»։

Մեր երկրում բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական ու հասարակական կառույցների պակաս չկա՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպան՝ իր աշխատակազմով հանդերձ, ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով, մեծամասամբ Սորոսի հիմնադրամի և Արևմուտքի այլ կազմակերպությունների «գրանտներով» գործող, Հայաստանում օտար պետությունների ազդեցության գործակալ կամ նույնիսկ հինգերորդ շարասյուն հանդիսացող տասնյակ կամ հարյուրավոր, այսպես ասած, հասարակական կազմակերպություններ… Հետևաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ լու է կծել Զարուհի Բաթոյանին կամ հիշյալ նախարարությանը, որ համարում են, թե նախարարության հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը։ Եվ տվյալ պարագայում նախարարն ի՞նչ նկատի ունի «սոցիալական խնդիրների կանխարգելումը» և «բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը» ասելով։

Ընդգծենք, որ Հայաստանում բոլոր մարդկանց (ներառյալ՝ կանանց, երեխաների, հաշմանդամների, տարեցների, ազգային փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ստեղծման առումով որևէ խնդիր չկա, համեմայն դեպս, մեզ հայտնի չէ: Բացառություն է կազմում սեռական փոքրամասնությունը, ԼԳԲՏ համայնք կոչվածը, այսինքն՝ լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները, տրանսվիստիտները, ինչպես նաև ուրիշ այլասերվածներ: Նրանք թեև ունեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնական հրավունքները և ազատությունները, ինչպես բոլորս, օգտվում են դրանցից, սակայն Հայաստանում միասեռականները չեն կարող իրենց ամուսնությունները պաշտոնապես գրանցել, երեխա որդեգրել, այլասերվածության քարոզչությամբ զբաղվել, եթե բացահայտեն իրենց ինքնությունը, դժվար թե կարողանան աշխատել երեխաների դաստիարակչական հաստատություններում: Այսպես եղել է նախկինում, այսպես է այժմ և այսպես լինելու է նաև ապագայում, և եթե որևէ մեկը փորձի մեր երկրում այլասերվածներին տալ նաև վերոնշյալ իրավունքները, ապա Հայաստանը կպայթի ներսից։

Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանում այլասերվածների վերոնշյալ «իրավունքների» օրինականացմանն է ձգտում 2009 թ. հունիսին, «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված (http://stop-g7.com/archives/616 ), Սորսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, Լարա Ահարոնյանը, որն առանց ամոթի որևէ նշույլի, ս․ թ․ մարտի 8-ին ՀՀ Ազգային ժողովում բացեիբաց ասել է․ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ», «Երբ որ օրենքներն են մշակվում, մենք շատ ուշադիր պիտի լինենք, դուք բոլորդ (նկատի ուներ Ազգային ժողովի նախագահի տեղակալին, ներկա մյուս խորհրդարանականներին և ՀԿ-ների ներկայացուցիչներին․- Ա․ Հ․), որ միայն մի կերպարի կանայք չօգտվեն էդ օրենքներից, այսինքն՝ էս բոլոր կանայք է, որ ձեր մտքում պիտի գան՝ ներառելով էս ամենը, որ ասեցի, նաև ավելացնելով դրան ՄԻԱՎ-ով ապրող կանայք, սեքս աշխատող կանայք և շատ ուրիշներ։ Այդպիսով ուզում եմ ամփոփեմ՝ ասելով, որ կանայք ենք հավասար իրավունքներով, քաղաքացիներ, անպայման չի, որ բոլորիս միակ նպատակը կյանքում մայր դառնալն է, շատ ուրիշ նպատակներ ալ ունենք»

Ընթերցողներից ոմանք գուցե մտածեն՝ հետո՞ ինչ, վերը մեջբերվածն ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավարի ասած է և դեռ չի նշանակում, որ նախարար Զարուհի Բաթոյանն ասելով, որ նախարարության հիմնական դերակատարումը պետք է լինի «բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը», նկատի ունի Լարա Ահարոնյանի ասածները կամ պատվիրակածը կյանքի կոչել։ Այսպես մտածողներին, սակայն, հիշեցնենք, որ Լարա Ահարոնյանը մարտի 8-ին պատահականորեն չի հայտնվել ԱԺ-ում, այլ 2015թ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այժմ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժի) վարչության փոխնախագահ, 2018թ․ դեկտեմբերին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրացուցակով պատգամավոր ընտրված, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հրավերով կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ։ Ավելին․ Լարա Ահարոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է (https://www.civilcontract.am/board-of-trustees

«Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրացուցակով 2018թ․ ԱԺ պատգամավոր ընտրված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լուսինե Բադալյանը նույնպես հանդես է եկել սեռական փոքրամասնությունների «իրավունքների» պաշտպանության դիրքերից, հիշենք, թեկուզ, համեմատաբար վերջերս Ազգային ժողովում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ուղղած նրա հարցը․ «Դուք խոսեցիք եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին, նաև խոսեցիք ազգային մենթալիտետի անհամապատասխանության, եվրոպական ստանդարտների և ստերեոտիպեր կոտրելու մասին։ Հիմա այս ամենի ընդհանուր կոնտեքստում ուզում եմ նաև այստեղ ավելացնել, որքան էլ ուզենանք խուսափել, բայց սեռական փոքրամասնություններ ևս ապրում են Հայաստանի Հանրապետությունում, և նրանք էլ ունեն հավասարապես այդ իրավունքներից օգտվելու անհրաժեշտություն։ Այդ հարցով ձեր ուշադրությունը կենտրոնանալո՞ւ է, արդյոք, նաև այդ թիրախային խմբի վրա»։

Այսպիսով, ինչպես արդեն հասկանալի է, իշխանության մաս են (պատգամավոր Լուսինե Բադալյան) և իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտ կապի մեջ են (ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյան) նրա՛նք, ովքեր փորձում են առաջ մղել Հայաստանում այլասերվածների որոշ «իրավունքների» օրենսդրական ամրագրումը, հասնել նրանց նկատմամբ անհրաժեշտ խտրականության վերացմանը: Ավելին. ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր «Հայաստանում այլասերվածության քարոզչություն թույլ չտալը հանցանք է համարվելու․ Հայաստանի իշխանության դիրքորոշումը» հրապարակմամբ, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ս. թ. մարտի 4-ին ընդունելով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին և Երևանում ԵԽ-ի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, խոստացել կամ հավաստել է, որ «օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»: Նախարարը վերը մեջբերվածն ասել է այն պարագայում, երբ համապատասխան պաշտոնական կայքում հրապարակված (https://www.e-draft.am/projects/496/about ) ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածի համաձայն, խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նրա սեռական կողմնորոշումից, համարվում է հանցանք ու պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ: Այսինքն՝ Քրեական նոր օրենսգիրքը 197-րդ հոդվածի ներկայիս շարադրանքով (այն մինչև այս պահը մնում է անփոփոխ) ընդունելու պարագայում, հանցանք են համարվելու և քրեորեն հետապնդվելու են միասեռականի կամ ԼԳԲՏ-ներից որևէ մեկի՝ երեխա որդեգրելու ցանկության դեպքում նրան մերժելը, ասենք, Երևանի Հանրապետության հրապարակում այդ այլասերվածների շքերթ թույլ չտալը, չարտոնելը, Հանրային հեռուստաընկերությունում այլասերվածին՝ իր սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելը (եթե արդեն իսկ աշխատում են, սակայն բացահայտվել է նրանց այլասերվածությունը) կամ նույն պատճառով աշխատանքի չընդունելը, միասեռականության կամ այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչությունն արգելելը, խոչընդոտելը և ավելին… Եթե հաշվի առնենք, որ խոսքը նաև անուղղակի խախտման մասին է, ապա թերևս կարելի է եզրակացնել, որ հանցագործություն է համարվելու նաև վերոնշյալ մերժումների, արգելքների ակնարկն անգամ․․․

Վերը շարադրվածը և այդ ամենի համատեքստում նախարարի խոսքը, ինչպես նաև այլ տեղեկություններ նկատի ունենալով, լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասելով, որ նախարարության հիմնական դերակատարումը պետք է լինի «բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը», նկատի է ունեցել հե՛նց սեռական փոքրամասնությունների վերոնշյալ «իրավունքների» պաշտպանությունը և նրանց համար այն նույն (հավասար) հնարավորությունների ստեղծումը, ինչ ունեն նշված փոքրամասնությունից դուրս գտնվող նորմալ մարդիկ՝ երեխա որդեգրելու, իրենց ամուսնությունները պետական համապատասխան մարմնում գրանցելու, չարգելված կամ բարոյականությանը չհակասող գաղափարների, ապրելակերպի քարոզչության, երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատելու առումով։ Շատ ուրախ կլինենք սխալված լինելու համար, բայց դա պարզ կդառնա միայն այն բանից հետո, երբ նախարար Զարուհի Բաթոյանը հստակ պատասխան կտա մեր հրապարակային հետևյալ հարցմանը․

«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ հիշյալ հանդիպման ընթացքում ասելով, որ նախարարության «հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը», նշելով նաև, որ «մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը», արդյոք նկատի ունեցե՞լ է նաև ՀՀ-ում սեռական փոքրամասնությունների վերը նշված «իրավունքների» պաշտպանությունը և նրանց համար երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատելու հավասար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև քարոզչության, տվյալ պարագայում այլասերվածության քարոզչությամբ զբաղվելու (ԶԼՄ-ներով, գեյ-շքերթների միջոցով, փողոցներում, հասարակական այլ վայրերում բաներների, պաստառների միջոցով և այլ կերպ) հնարավորության ստեղծումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ (http://www.mlsa.am/?p=20911 ), «Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը»։

Լուրջ մտահոգություններ ունենք, որ հիշյալ օրենքի այն վերանայումը, որը նախատեսում են նախարարն ու նախարարությունը, նպատակ ունեն հիշյալ օրենքը վերադարձնել այն խայտառակ և ազգակործան վիճակին, որն այն ուներ, երբ դեռ արտահայտված էր որպես նախագիծ, նույնիսկ ավելի խստացնել, ինչի հետևանքը լինելու է Հայաստանում ամուսնալուծությունների թվաքանակի աճը, հայ ընտանիքների քայքայումը, ընտանիքներից երեխաների օտարումը, ամուսնությունների քանակի նվազումը, ի վերջո, հասարակության քայքայումն ու կործանումը, ինչը ծանրագույն հետևանքներ է ունենալու մեր պետության համար։ Ասելով, որ «Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը…», և որ նախարարության «հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը», Զարուհի Բաթոյանն ի՞նչ է նկատի ունեցել, նախարարությունը նպատակ ունի՞ հանդես գալու հիշյալ օրենքի խստացմամբ։ Այս հարցերի պատասխանը դարձյալ պարզ կդառնա իրեն ուղղված մեր վերոնշյալ հրապարակային հարցմանը նախարարի պատասխանից հետո։

Ընդգծենք, որ վերոնշյալ հարցերի պատասխանը նախարարից մոտ օրերս չստանալու պարագայում, հարցումը նախարարին կուղղենք նաև պաշտոնական գրությամբ։

Ուշագրավ է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» (Սորոսի հիմնադրամ) Մարդու իրավունքների նախաձեռնություն կազմակերպության տնօրեն Էմիլի Մարտինեզի ոգևորությունը Բաթոյանի ասածների առնչությամբ։ Նա «նշել է, որ ոգևորված է ոլորտում մարդակենտրոն փոփոխություններ կատարելու այսօրինակ պատրաստակամությամբ: Ըստ նրա՝ ներկայացված նախաձեռնությունները բարդ են և բազմաշերտ, սակայն այն, որ դրանց իրականացման համար կա քաղաքական կամք, արդեն իսկ ոգևորիչ է»։

«Դուք նախաձեռնել եք բարդ, բայց անհրաժեշտ, իրավունքի տեսանկյունից այլընտրանք չունեցող փոփոխություններ,- ասել է Էմիլի Մարտինեզը:- Արդյունքները, իհարկե, տեսանելի չեն լինի շատ կարճ ժամանակում, բայց դրանք կլինեն հիմնավոր և մնայուն: Այս փոփոխությունների նախաշեմին պատրաստ ենք աջակցել ձեզ՝ կիսելով մեր կուտակած փորձը» (մեջբերումները նախարարության պաշտոնական կայքից են)։

Բա ինչո՞ւ ոգևորված չի լինի, երբ զգացել է, որ նախարարը, ինչպես ասում են, «Պապից ավելի կաթոլիկ է» այն հարցերում, որոնց առաջ մղման գործում իրենք շահագրգռված են։

 

Արթուր Հովհաննիսյան