Ստեփանակերտում կանցկացվի գինու համտես

Ապրիլի 7-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու «Գինու մեծ համտես»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի «Խաղողագործների և գինեգործների միավորման» մենեջեր Աննա Զախարյանը:

Նրա խոսքով՝ միավորումը սկսում է իրագործել խաղողագործության ու գինու զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրեր:

«Տեղական գինիների նկատմամբ աճող հետաքրքրությամբ պայմանավորված՝ մենք առաջիկայում կնախաձեռնենք «Արցախյան գինու ճանապարհ» ծրագիրը, որը պաշտոնապես կներկայացվի «Գինու մեծ համտեսի» միջոցառման ժամանակ,- նշել է Ա. Զախարյանը:- Ներկայացված ծրագրի, համտեսի և միավորման կողմից նախաձեռնվող մնացած միջոցառումների նպատակն է  աջակցել արցախցի գինեգործներին՝ գինիների մարքեթինգի զարգացման, ինչպես նաև վարչական ու կրթական խնդիրների լուծման հարցում: Միջոցառման ընթացքում միավորման ղեկավարությունն առաջին անգամ պաշտոնապես կներկայացնի հասարակական նոր նախագծերը, գինու աշխարհահռչակ մասնագետը վարպետության դաս կանցկացնի գինեգործների համար, ինչպես նաև կիրականացնի միջոցառմանը ներկայացված գինիների կույր համտես»:

Արցախի «Խաղողագործների և գինեգործների միավորման» մենեջերի խոսքով՝ «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» հիմնադրվել է 2015թ.՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, որի նպատակն Արցախում խաղողագործության զարգացմանն ու աճին նպաստելն է: