ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը և Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական և ֆինանսների հանձնաժողովի նախագահ:

Նիստում քննարկվել են մի շարք մոդելային օրենքների, մասնավորապես՝ գնագոյացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող նախագծեր. դրանք  հետագայում կարող են ուղեցույց լինել ազգային օրենսդրությունները մշակելիս: Օրենքների նախագծերը կքննարկվեն վեհաժողովի լիագումար նիստում:

Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է Մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի  հանձնաժողովի փոխնախագահ, տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում՝ դպրոցական սպորտին,   սոցիալական տուրիզմին վերաբերող:

Հանձնաժողովի օրակարգում է «Մշակութային արժեքների պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է շուրջ կես տարով: Հայկական պատվիրակությունը նախատեսում է մի շարք առաջարկներ ներկայացնել: Կոնվենցիան հետագայում կառաջարկվի ազգային խորհրդարանների վավերացմանը:

Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում աշխատել է Արմեն Փամբուխչյանը:  Քննարկվել է 12 նախագիծ, երեքի վերաբերյալ հայ խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Տիգրան Ուլիխանյանը խոսել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ և տեղեկացրել, որ քննարկվել են 2018թ․ բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների 2019-20 թվականների անդամավճարների հարցը:

Բանախոսների տեղեկացմամբ՝ հանձնաժողովների կողմից առաջարկվող մոդելային օրենքների մոտ 10 տոկոսն է հետագայում հիմք դառնում  ԱՊՀ անդամ երկրների համար օրինագծեր մշակելիս, ուստի որոշվել է այսուհետ կյանքի կոչել այնպիսի օրինագծեր, որոնք գործնականում կիրառելի կլինեն: