Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը թանգարանից կվերածվի Այա Սոֆիա մզկիթի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կփոխեն Ստամբուլում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) քրիստոնեական տաճարի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի:

Ermenihaber-ի տեղեկացմամբ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի քաղաքացիների համար թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը կարող է անվճար դառնալ, Էրողանը պատասխանել է․«Հնարավոր է: Անհնար ոչինչ չկա: Ավելին․ մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունն արդեն ոչ թե թանգարան լինի, այլ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անո՞ւմ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք: Այդ կարգավիճակը (տրվել է 1935թ.) ԺՀԿ-ական (Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցություն) մտածողությամբ արված քայլ է: ԺՀԿ-ական մտածողությամբ արված այդ քայլը մենք կփոխենք»:

Էրդողանն ավելացրել է նաև, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

 Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարն աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ բյուզանդական ճարտարապետության եզակի նմուշ է:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թթ․տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը, մինչև 1520 թվականին Սևիլյայի տաճարի կառուցումը:

Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալացու կողմից: Sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է: Հունարեն ամբողջական անվանումն է, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»:

1453թ. Մեհմեդ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ) և այն միացրել Օսմանյան կայսրությանը: Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել: Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի: Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում:

Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը:

Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: