Իրանի արտգործնախարար․ «ԱՄՆ-ը զառանցանքի մեջ է»

Երեկ անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարությանը, թե Սիրիայի Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «ԱՄՆ-ի հանդուգն քայլերը վկայում են իմպերիալիստական համակարգի փլուզման մասին»:

Թվիթերում կատարած իր գրառման մեջ նշելով, որ ԱՄՆ-ը Միջին Արևելքում անկայունության աղբյուրն է, Զարիֆը հավելել է. «ԱՄՆ-ը զառանցանքի մեջ է և կարծում է, որ միջազգային իրավունքը ոտնահարելը, անկախ ազգերի վրա բռնանալը և իրենից կախվածության մեջ գտնվող երկրների նկատմամբ իշխանություն ունենալն ուժի նշան է, սակայն սխալվում է»:

Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ի քայլերը անկում ապրող իմպերիալիստական համակարգի գործողություններ են»:

Մարտի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն ընդունի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իշխանությունը»: ԱՄՆ-ի ղեկավարն այսպիսով հովանավորել է Իսրայելի կատարած բռնազավթումը։

1967 թվականից Իսրայելի սիոնսիտական ռեժիմը բռնագրավել է Սիրիայի Գոլանի բարձունքների շուրջ 1150 քառակուսի կմ մակերեսով տարածքը և որոշ ժամանակ անց այն կցել Պաղեստինից բռնագրաված տարածքներին: Միջազգային հանրության կողմից Իսրայելի վերոնշյալ քայլը չի ընդունվել որպես օրինական քայլ: ՄԱԿ-ը Գոլանի բարձունքներն առ այսօր համարում է բռնագրավված տարածքներ: