Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունն սկսվել է նախատեսվածից ուշ՝ շրջակայքի աղտոտվածության պատճառով (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել,- նշել է Նիկոլ Փաշինյանը:- Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»։ Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը, չպետք է կողքով անցնի:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին: