Նախատեսվում է 10 հեկտարով ավելացնել մայրաքաղաքի անտառապատ տարածքները

Ավագանին հաստատեց 2019թ.-ի փոփոխված բյուջեն

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ավագանին այսօր հավանություն է տվել որոշման նախագծին:

Բյուջեի փոփոխությամբ 20%-ով կբարձրանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, շուրջ 1000 երեխայի համար նախակրթարաններում կբացվեն նոր խմբեր, կիրականացվեն ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգման, ոռոգման նոր ցանցի անցկացման, թատրոնների, մարզադպրոցների հիմնանորոգման, ինչպես նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակման, ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնման, մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներ:

Բացի վերոնշյալներից, նախատեսվում է 10 հեկտարով ավելացնել մայրաքաղաքի անտառապատ տարածքները, ամրացնել երրորդ կարգի վթարային շենքերը, ցանկապատել աղբավայրի տարածքը, ապահովել սանմաքրման մեքենաների լվացումն ու անվադողերի ախտահանումը: Ավագանու անդամները հարցեր են ուղղել և իրենց դիրքորոշումներն են ներկայացրել լրամշակված բյուջեի վերաբերյալ:

Ավագանին հավանություն է տվել նաև Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագծին: Ծրագրի համաձայն, կներդրվեն ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր, ինչպես նաև կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ: