BraVo մրցանակը հետմահու շնորհվել է Շառլ Ազնավուրին

Նախօրեին Կրեմլի պետական պալատում տեղի ունեցած BraVo երկրորդ միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակաբաշխությանը «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրին:  «Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում է ապրել և դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ,- հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը:- Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շառլ Ազնավուրին»:

Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:

Ազնավուրի «Հավերժական սեր» երգը համերգի ժամանակ կատարել է Թամարա Գվերդծիթելին:

«Անկարելի է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով,- ասել է երգչուհին: – Դա համաշխարհային երաժշտության գանձարան է: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրին մեր աշխարհը»: