ՆԱՏՕ-ն զորավարժություններում փորձարկել էր Թուրքիայում հնարավոր քաղպատերազմի սցենարը

Թուրքական մամուլում «Նոր սկանդալ ՆԱՏՕ-ից» վերտառությամբ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել։ Ermenihaber-ի տեղեկացմամբ, ըստ նոր բացահայտված տվյալների, դեռևս 2010թ․ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված և իրականացված զորավարժությունների ժամանակ խաղարկվել է Թուրքիայում քաղաքացիական պատերազմի և ՆԱՏՕ-ի ուժերի միջամտությամբ իրավիճակի հանգուցալուծման սցենարը։

Ըստ սցենարի, 2025թ․ Աֆրիկայի կենտրոնական մասում տեղակայված երևակայական պետության բազմազգ բնակչության միջև ներքին բախումներ են սկսվում, իսկ ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջամտությամբ խաղաղություն և կայունություն է հաստատվում երկրում։ Ուշագրավ է, որ թեև երևակայական այդ պետությունը տեղակայված էր Աֆրիկայում, բայց այն իր չափերով և ուրվագծով, ինչպես նաև ենթադրյալ բնակչության կազմով համապատասխանում էր Թուրքիային։ Զորավարժությունների քարտեզի վրա կարմիր գույնով նշված այդ երկրի ուրվագիծը Թուրքիայի շրջված քարտեզն էր հիշեցնում՝ արևելքի ու արևմուտքի տեղերը փոխած և մի փոքր սեղմված, փոքրացված։

Աղբյուրի համաձայն, երբ ՆԱՏՕ-ում քննարկվել է նշված զորավարժության սցենարը, քննարկման սեղանի շուրջ նստած են եղել նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք առարկել են նման սցենարի դեմ, սակայն այն, այնուամենայնիվ, խաղարկվել է։ Թուրքական մամուլն այդ զորավարժությունները որակել է որպես «Թուրքիայի ներքին գործերին միջամտության փորձարկում»։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ զորավարժության կազմակերպման ու իրականացման աշխատանքներին մասնակցել էին նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվել էր, «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամներ էին։

Թուրքիայում համոզված են նաև, որ այդ զորավարժություններից հետո FETÖ-ի անդամները մեկը մյուսի հետևից Թուրքիայում տարբեր գործողություններ են իրականացրել՝ զորավարժությունների սցենարը իրականում կյանքի կոչելու համար։ Նման գործողությունների շարքում, ի թիվս այլոց, նշվում են 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերն ու բախումները, իրար հաջորդած մի շարք ահաբեկչական գործողություններ, և, ի վերջո, 2016թ․ ձախողված հեղաշրջման փորձը։