Մարտի 21-ը հեթանոսական տոմարով հայերիս ամանորն է և Վահագն աստծո ծնունդը (տեսանյութ)

Այսօր «Արորդիների ուխտ» մեհենական խորհուրդը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Գառնի հեթանոսական տաճարում նշեցին հին հեթանոսական ամանորը, ինչպես նաև ռազմի ու կրակի աստված, ըստ առասպելի, վիշապքաղ Վահագն աստծո ծնունդը։ Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով, գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը, որը կոչվել է Արեգ ամսվա Արեգակի օր, նշել են որպես գարնան սկիզբ: Վահագնի ծնունդով սկսվել է Նոր տարին:

Մինչև բուն տոնախմբությունը, որը տեղի ունեցավ տաճարի դիմաց, «Արորդիների ուխտ»-ի անդամները, արորդիները փոքր խմբով արգելոց-թանգարանի տարածքում դիմավորել էին արևագալը: Իսկ կեսօրից հետո տեղի ունեցավ բուն ծիսական արարողությունը։ Քրմերը կրակով ու սրերով օրհնեցին ծիսական գինին ու տարեհացը, ապա դրանք օրհնված ուռենու ճյուղերի, արևախաչերի ու եռագույն ժապավենների հետ բաժանեցին ներկաներին՝ օրվա խորհուրդ և տոնակած ծառ համարվող ծիրանենին զարդարելու համար:

Ըստ ավանդույթի, քրմերի բաժանած գույնզգույն ժապավենները ծառին կապելիս, պետք է երազանք պահել, իսկ ժապավենը հնարավորինս թույլ կապել, որպեսզի քամին այն արձակի ու մարդու երազանքը տանի դեպի կատարում: Արարողության ընթացքում տնկվեցին նաև նոր ծիրանենիներ: Հին Հայաստանում ծիրանենին Կենաց ծառի խորհրդանիշ է համարվել:

Մանրամասները՝ տեսանյութում