Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում (տեսանյութ)

Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։

ՀՀ ոստիկանության  լրատվական ծառայության տեղեկացմամբ, դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018թ․ մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն, յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի 24 372 մետր հաղորդալար։

Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։

Քննությունը շարունակվում է։