Թե ինչպես են բժիշկները փրկել գանգուղեղի ծանր վնասվածքով երկամյա Նարեկի կյանքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը ներկայացրել է բժշկական հրաշքի և սիրիահայ փոքրիկի փրկության պատմությունը։

Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ է գաղթել Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվել է նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: Երկամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել»,- պատմել է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:

Հիվանդանոց տեղափոխելու օրն ավելի քան 3 ժամ տևողության բարդ վիրահատությունը հաջող է անցել, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը մեկ տոկոս:

«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է, ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց»,- նշում է Մարգար Մարտիրոսյանը:

«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր»,- պատմում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին:

«Երկար ժամանակ, մոտ 20 օր երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում,- պատմում է Նարեկի հայրը՝ Ներսես Քևոն:- Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք»։

«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ,- նշում է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը:- Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց՝ ոչ, արդյունքը տեսնում ենք»։

Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց:

Այսօր Նարեկն արդեն ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել: Ընկնելու օրից հետո ինքնուրույն առաջին քայլերը Նարեկն անում է տեսախցիկի առջև:

«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է,- ասում է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:- Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»։

Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո, Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ:

Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում:

«Բժշկական կենտրոնն ամեն տարի սպասարկում է ավելի քան 10 հազար երեխայի, քառակի, հնգակի ավելի է ամբուլատոր ծառայություններից օգտվողների թիվը», – նկատում է Նիկոլայ Դալլաքյանը:

Տեսանյութը՝

https://www.yerevan.am/edfiles/video/ASTVACAMAR%20BK.mp4