Երևանի շտապբուժօգնության ենթակայանները կվերանորոգվեն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տեղեկացմամբ, այդ նպատակով համայնքի բյուջեից շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակները՝ ընդարձակ, բայց աշխատանքային պայմաններն անբավարար են և ոչ գոհացնող,- նշել է փոխքաղաքապետը:- Բնական է, որ ամբողջ շենքը չենք վերանորոգի, կվերանորոգենք այն հատվածները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պայմանները բարելավելու համար: Ավելի լավ է՝ մենք ունենանք մեծ շենք, որի մի հատվածը հիմնանորոգված է, քան ամբողջ շենքը թեթևակի նորոգենք: Փոքրիկ ասվածը շուրջ 200 քմ տարածք է, և հիմնանորոգումից հետո այն կունենա նոր սանհանգույց, հանգստի սենյակներ, աշխատանքային բարվոք պայմաններ»:

80-ական թվականներին կառուցված շինությունները երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Շուրջօրյա ժամանակացույցով սպասարկող աշխատակազմի համար ծրագիրն իսկապես սպասված էր:

«Փուլ առ փուլ ուսումնասիրելով, գնում ենք առաջ և կգնանք այնքան, մինչև որ կարձանագրենք ևս մեկ ուրախ լուր, որ մեր առջև դրված ևս մեկ խնդիր լուծեցինք»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:

Աշխատանքային պայմաններից բացի, շտապօգնության աշխատակիցները նաև համազգեստի հետ կապված խնդիրներն էին առանձնացնում: Այս տարի քաղաքապետարանը բուժանձնակազմին նոր համազգեստ կտրամադրի:

«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կտորի տեսակի խնդիր կա, որը չի քրտնեցնում, շատ գրպաններ ունեն և շատ հարմար են աշխատելու համար, տեխնիկական պայմանները կգրվեն և կդրվեն մրցույթի»,- ասել է փոխքաղաքապետն ու հավելել, որ ընթացիկ տարում 36 բուժխմբերին կավելանան ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները:

«Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը»,- նկատել է փոխքաղաքապետն ու մեկ անգամ ևս կոչ արել վարորդներին՝ զիջել շտապօգնության մեքենաներին:

«Վարորդների անվտանգությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք են բերվել տեսանկարահանող սարքեր, որոնք դրված են շտապօգնության մեքենաներում,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:- Պարտադիր պայման է դրվել, որ դրանք միշտ միացված լինեն, որպեսզի գրանցեն խախտումները, այն է, որ վարորդները չեն զիջում շտապբուժօգնության մեքենաներին: Զիջե՛ք ճանապարհը. միգուցե այդ մի քանի րոպեն ինչ-որ մեկի կյանքի փրկության գինն է»:

Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:

«Այն բոլոր խնդիրները, որոնք քաղաքապետարանի լիազորությունների և բյուջեի սահմաններում են, լուծում կստանան,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:- Այն, ինչ խոստացել են քաղաքային իշխանությունները, միանշանակ կատարվելու են»։